Ընթացիկ համարը

Ցեղասպանագիտական հանդես

Նարինե Վ. Մարգարյան

 

Ամփոփում
Հայոց ցեղասպանության իրականացման ընթացքում հայ տարագիրները բռնի տեղահանվում են սիրիական անապատներ՝ ճանապարհին պարբերաբար ենթարկվելով քարավաններն ուղեկցող ոստիկանների, տարածքի քրդերի ու թուրքերի բռնություններին: Տեղահանության ողջ ընթացքում համակենտրոնացման վայրերում կարևոր դերակատարություն ունեին նաև տեղի արաբները, մասնավորապես՝ բեդվին արաբները, որոնց դիրքրոշումը կարող էր իրենց և հարակից ցեղախմբերի շրջաններում հայ տարագիրների հետագա ճակատագրի հարցում վճռորոշ լինել:
Սիրիայի արաբներն ականատես են եղել հայերի ցեղասպանությանն ու տեղահանությանը: Հայ տարագիրների նկատմամբ արաբների դիրքորոշումը տարբեր դրսևորումներ է ունեցել՝ քաղաքական և տնտեսական տարբեր իրավիճակներով պայմանավորված՝ կարելի է հանդիպել դրականից մինչև խիստ բացասական վերաբերմունքի:
Հոդվածում ուսումնասիրվել է հայ գաղթականների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքն արաբական ցեղախմբերում՝ քաղաքական իրավիճակի, ցեղախմբերում տիրող տրամադրությունների, նրանց ընկալումների և դրանցից բխող գործողությունների (ինչպես վերնախավում, այնպես էլ անհատների մակարդակներում) համատեքստում: Քննարկվել են արաբական ցեղախմբերի ցուցաբերած օգնությանը նպաստող կամ խանգարող հանգամանքները, վերլուծվել դրանց պատճառներն ու հետևանքները: Աղբյուրագիտական հենք են ծառայել ժամանակի մամուլը, մի շարք հուշամատյաններ, ժողովածուներ, վերապրողների տպագիր և անտիպ հուշագրություններ, ինչպես նաև օտարերկրացի ականատեսների, դիվանագետների վկայություններ:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, սիրիական անապատներ, բեդվիններ, արաբական ցեղախմբեր, շեյխ, Շամմար, Անազե, Բակկարա, հայ տարագիրներ, որբեր, կանայք, վկայություն, վերաբերմունք, ինքնություն, ինտեգրում:

Ստացվել է 03.10.2023
Ընդունվել է տպագրության 15.11.2023

Ռոբերտ Ա. Թաթոյան

 

Ամփոփում
Հոդվածում ուսումնասիրվում են Զմյուռնիայի աղետից հետո Հունաստանում ապաստանած հայ փախստականների ընդհանուր թվաքանակի, գաղթի ալիքների, խոշոր ենթախմբերի և դրանց թվաքանակի, ըստ Հունաստանի շրջանների բաշխման, 1922–1928 թթ. ներքին և արտաքին միգրացիաների հարցերը։
Հունաստանում հանգրվանած հայ փախստականների առավելագույն թիվը գրանցվել է 1923 թ․ սկզբներին՝ հասնելով 80-85 հազարի (1921–1923 թթ. ընթացքում այդ երկիր մուտք գործած հայերի թիվը հաշվվել է մոտ 100 000)։ Սակայն, հայ փախստականների ներհոսքին զուգահեռ, շատ ավելի մեծ ծավալներով է ընթացել նրանց արտահոսքը` տարբեր, հիմնականում տնտեսական պատճառներով պայմանավորված․ հայերը մեկնել են Ֆրանսիա ու եվրոպական երկրներ, Ամերիկա մայրցամաքի (ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Բրազիլիա) և Մերձավոր Արևելքի (Եգիպտոս, Սիրիա) պետություններ և այլուր։ 1924–1925 թթ. կազմակերպվել է նաև հունահայ փախստականների զանգվածային ներգաղթ Խորհրդային Հայաստան։ Վերոնշյալ գործընթացների հետևանքով 1920-ական թթ. վերջերին հայերի թիվը երկրում նվազել է մինչև 35 000։

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Զմյուռնիայի աղետ, հայ փախստականներ, Հունաստան, Ազգերի լիգա, ժողովրդագրություն, վիճակագրություն։

Ստացվել է 28.02.2023
Ընդունվել է տպագրության 18.06.2023

Անահիտ Խ. Աստոյան

 

Ամփոփում
Օսմանյան կայսրության տարածքում ապրող հայության տնտեսական գործունեության մասին ուսումնասիրությունները հարուստ նյութ են տրամադրում ազգային ինքնաճանաչողության համար, քանզի վեր են հանում հայ նկարագրի շատ կարևոր հատկանիշներ։ Զմյուռնիահայությունն իր աշխատասիրության, ստեղծագործ մտքի, մեծ կարողությունների և ձեռներեցության շնորհիվ կարողանում է ազդեցիկ դիրք գրավել քաղաքի տնտեսական կյանքում։ Հայ ժողովրդի բարեգործ ոգու փայլուն դրսևորումն է եղել Զմյուռնիայում ազգօգուտ գործունեություն ծավալած մեծաթիվ բարեգործական հաստատությունների գոյությունը։ Զմյուռնիահայության քաղաքակրթական բարձր մակարդակի մասին են վկայում քաղաքի մեծաթիվ տպարանները, վարժարանները, ընթերցասրահները և մշակութային այլ հաստատություններ, որոնք Զմյուռնիան դարձնում են արևմտահայ մշակույթի և կրթության կարևորագույն կենտրոն։ Այս ամենի շարժիչ ուժը թե՛ զմյուռնիահայության տնտեսական բարգավաճ վիճակն էր և թե՛ քաղաքակրթության և առաջընթացի նկատմամբ հայ ժողովրդի բնական ձգտումը։

Բանալի բառեր՝ բռնագրավում, ունեցվածքի կողոպուտ, տնտեսության թուրքացում, նյութական կորուստներ, քեմալականներ, հրդեհ, հրկիզումներ, Զմյուռնիայի աղետ, քրիստոնեական քաղաքակրթություն։

Ստացվել է 28.11.2022
Ընդունվել է տպագրության 18.05.2023

Մարիյա Ա. Բրուտյան

 

Ամփոփում
Հունական ամենահին թերթերից մեկը Զմյուռնիայում լույս տեսնող «Ամալթեա»-ն էր (1838-1923): Թերթը 85-ամյա գործունեության ընթացքում դառնում է ոչ միայն հույների, այլև Փոքր Ասիայի ոչ մահմեդական բնակչության հոգևոր ուսուցիչը։ Մեծ էր «Ամալթեա»-ի հետաքրքրությունը հունական սփյուռքի և առհասարակ հույն հասարակության մեջ ազգային բարձր ինքնագիտակցություն ձևավորելու նկատմամբ: Թերթը գրագետ հունարենի օգտագործմամբ և լեզվապահպանության ձգտումով կատարում էր իր առաքելությունը։ «Ամալթեա»-ն մինչև Զմյուռնիայի աղետը գրեթե անխափան է գործել, ապա տեղափոխվել է Աթենք՝ դառնալով Փոքր Ասիայի արհավիրքների հիմնական տեղեկատուն:
Զմյուռնիայում լույս տեսնող և շրջանառվող թերթերից միակն «Ամալթեա»-ն էր, որին հաջողվել է գոյատևել մինչև 1923 թ.:

Բանալի բառեր՝ Զմյուռնիայի աղետ, Փոքր Ասիա, «Ամալթեա» թերթ, աքսոր, Հայոց ցեղասպանություն, Մուստաֆա Քեմալ, Հունաստան, Միհրան Սվազլյան:

Ստացվել է 29.11.2022
Ընդունվել է տպագրության 25.05.2023

Արմինե Վ. Վահանյան

 

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է բժիշկ Կարապետ Խաչերյանի օրագրի նյութի հոգեբանական վերլուծությունը՝ օրագրային մեթոդը դիտարկելով որպես հոգեցունց իրականության մեջ հայտնված անձի ինքնակարգավորման յուրօրինակ մեխանիզմ: Օրագրային մեթոդը թերևս լավագույնս համապատասխանում է սուբյեկտի ներքին պահանջներին՝ արտացոլելով իրականությունը կոնկրետ և ամբողջական պատկերներով: Օրագիրը հիշողություն է. հեղինակը թղթին է հանձնում այն, ինչ կատարվում է՝ պատմության մեջ թողնելով այնպես, ինչպես ընկալել է հենց այդ պահին։ Գրառումներ կատարելը՝ որպես հոգեբանական ինքնօգնության մեթոդ, դուրս է գալիս հոգեթերապիայի բժշկական մոդելից, վերածվում է անձնական և հոգևոր զարգացման պորտֆոլիոյի, արտացոլող մակերեսի. դրանց առանձնահատկությունն ու ուղղվածությունը տեսանելի են դառնում առաջին հերթին գրառողի համար: Օրագիրն այս իմաստով օգնում է Խաչերյանին ոչ միայն ապրել ներկա ժամանակը, այլև ցույց տալ հոգեկան ապրումների շարժընթացը, որը բնորոշ է գոյաբանական վակուումի մեջ հայտնված անհատին:

Բանալի բառեր՝ օրագրային մեթոդ, ինքնակարգավորման միջոցներ, հոգեկան լարվածություն, տագնապ, գոյաբանական վակուում, հոգեբանական նահանջ, ժամանակի լայնացում, դեպրեսիա, որակական ժամանակ, ցեղասպանություն, կյանքի իմաստ:

Ստացվել է 27.01.2023
Ընդունվել է տպագրության 26.05.2023

Նարեկ Մ. Պողոսյան

 

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է այն իրողությունը, որ տարածաշրջանային էթնոքաղաքական ակտիվ խմորումների հետևանքով քրդերը ժամանակի ընթացքում հայտնվել են ցեղասպանական տարբեր գործընթացներում՝ մի դեպքում հանդես գալով որպես ոճրագործներ, ականատեսներ, պատահական դիտորդներ (ինչպես եղել է Օսմանյան կայսրությունում հայ, հույն, ասորի և եզդի բնակչության կոտորածների ժամանակ), մեկ այլ ժամանակահատվածում՝ 1987-1989 թթ., հայտնվելով ցեղասպանական բռնությունների թիրախում, երբ Սադամ Հուսեյնի իշխանությունը Հյուսիսային Իրաքի քրդական բնակչության դեմ «Անֆալ» գործողությունն է սկսում, որն ընդհանուր առմամբ ընթանում է ութ փուլով՝ պատճառ դառնալով, որ հազարավոր քրդեր սպանվեն կամ տեղահանվեն։
«Անֆալ»-ի հիմնական տարրերից է եղել արաբացման գործընթացը: Քուրդ բնակչության դեմ հարձակումները հաճախ ուղեկցվել են քիմիական զենքի կիրառմամբ (հատկապես Հալաբջայի վրա հարձակման ընթացքում քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհեր են եղել)։
Սակայն, 2003 թ.՝ Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո, առերեսվելով նրա իշխանության իրագործած հանցագործություններին, Իրաքը ոչ միայն «Անֆալ»-ի հարցով դատական գործընթացներ է նախաձեռնել, այլև «Անֆալ» արշավը ճանաչել է որպես ցեղասպանություն։ Իրաքի քրդերի շրջանում «Անֆալ»-ի հիշողությունը դարձել է քրդական ազգային ինքնության կարևոր բաղկացուցիչ տարրերից մեկը։

Բանալի բառեր՝ քրդեր, համիդիե գնդեր, Օսմանյան կայսրություն, Իրաքյան Քուրդիստան, ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հան-ցագործություններ, իրանա-իրաքյան պատերազմ, քիմիական զենք, Հալաբջա, արաբացում:

Ստացվել է 02.02.2023
Ընդունվել է տպագրության 17.08.2023

Creative Commons License

«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։

Theme: Overlay by Kaira