Ցեղասպանագիտական հանդես
Հատոր 14, համար 1
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Ռոբերտ ԹաթոյանՊատմական գիտությունների թեկնածու, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող։ Ուսումնասիրությունների ոլորտները՝ Մեծ եղեռնի նախօրյակին արևմտահայության վիճակագրություն և ժողովրդագրություն, Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների թիվ, արևմտահայ հասարակական, կրթական, մշակութային և կրոնական կյանք։
Էլ. փոստի հասցե՝ r.tatoyan@genocide-museum.am
Ամփոփում
1855 թ. մայիսի 14-ին օսմանյան իշխանությունները վերացնում են երկրի ոչ մուսուլման հպատակ համայնքներից, այդ թվում նաև հայերից հավաքվող գլխահարկը՝ ջիզիեն։ Դրա փոխարեն սահմանվում և սկսում է գանձվել զինվորական ծառայությանը փոխարինող բեդել-ի ասկերի հարկը։ Անվանապես բեդել-ի ասկերին նախատեսված էր գանձել 15-60 տարեկան առողջական խնդիրներ չունեցող, աշխատունակ, այսինքն զինվորական ծառայությանը պիտանի ոչ իսլամադավան տղամարդկանցից։ Սակայն հարկի լիարժեք գանձումն ապահովելու նպատակով այն գործնականում սկսեց պահանջվել մեկ տարեկանը լրացած բոլոր ոչ իսլամադավան տղամարդկանցից մինչև մահ։ Սկզբնապես մեկ անձից գանձվող բեդել-ի ասկերիի միջին չափը 28 ղուրուշ էր, 1878 թվականից հետո հարկի չափը բարձրացավ՝ դառնալով 37 ղուրուշ, իսկ 1904 թվականից հետո` 50 ղուրուշ։
Արևմտահայության համար բեդել-ի ասկերին հիմնական հարկատեսակն էր` կազմելով պետությանը վճարվող հարկերի մոտ 50%-ը։
Հատկապես Արևմտյան Հայաստանի գյուղական հայ բնակչությունից հարկի գանձման գործընթացն ուղեկցվում էր բազմաթիվ չարաշահումներով և բռնություններով։ Սրանից ելնելով` արևմտահայ գյուղացիությունը փորձում էր հնարավորինս թեթևացնել հարկի բեռը, այդ թվում` մարդահամարների և հաշվառումների ընթացքում արու զավակների թիվը թաքցնելու միջոցով։ Երիտթուրքական հեղափոխությունից և սահմանադրական կարգերի հռչակումից հետո՝ 1909 թ., օսմանյան խորհրդարանը վերացնում է բեդել-ի ասկերի հարկը. զինվորական ծառայությունը բոլոր ոչ իսլամադավան հպատակների համար դառնում է պարտադիր։ Միևնույն ժամանակ ոչ իսլամադավաններն իրավունք են ստանում անհատապես ազատվելու զինվորական ծառայությունից` միանվագ վճարելով բեդել-ի նակդի։
Բանալի բառեր` բեդել-ի ասկերի, զինվորական հարկ, հարկահանություն, մարդահամար, հաշվառում, Արևմտյան Հայաստան, Հայկական հարց։
Ստացվել է 10.06.2025
Ընդունվել է տպագրության 14.05.2026
Նարինե Մարգարյան Պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ (արաբագետ), գիտական քարտուղար, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի վարիչ։
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանությունից հետո Մերձավոր Արևելքի արաբական երկրներում հայտնված հայ գաղթականների վիճակը, որբահավաք և որբախնամ աշխատանքները, տարածաշրջանի հայկական և օտարերկրյա որբանոցների գործունեությունը, հայ որբերի ուծացման գործընթացը և նրանց ինքնության պահպանմանն առնչվող հարցեր: Էլ. փոստի հասցե` narine.margaryan@genocide-museum.am
Ամփոփում
Սույն հոդվածը նվիրված է Գևորգ Մեսրոպի (1881-1948) գործունեության և ժառանգության համալիր քննությանը Հայոց ցեղասպանության վաղ փաստագրման և աղբյուրագիտական ուսումնասիրման համատեքստում։ Գևորգ Մեսրոպը դասվում է այն հայ մտավորականների շարքին, որոնք դեռևս իրադարձությունների ընթացքում գիտակցեցին վերապրածների վկայությունների համակարգված հավաքագրման, փաստաթղթերի պահպանման և դրանք գիտական շրջանառության մեջ դնելու հրատապությունն ու պատմագիտական նշանակությունը։ Նրա բազմակողմանի գործունեությունը՝ ծավալված Օսմանյան կայսրության և Բուլղարիայի հասարակական-մշակութային միջավայրերում, ընդգրկում է կրթական, գիտական և հրապարակախոսական ոլորտները:
Մեսրոպի ժառանգությունը ներառում է դասագրքաստեղծ աշխատանքներ, թարգմանություններ, վեպեր և պիեսներ, ինչպես նաև բանասիրական, պատմագիտական և կրոնագիտական ուսումնասիրություններ։ Առանձնահատուկ կարևորություն ունեն սփյուռքահայ մամուլում և տարեգրքերում հրապարակված նրա վիճակագրական և մատենագիտական հոդվածները, որոնք աղբյուրագիտական կարևոր հիմք են տվյալ ժամանակաշրջանի ուսումնասիրման համար։
Ժամանակակից ցեղասպանագիտության տեսանկյունից Գևորգ Մեսրոպի գործունեությունն առանձնանում է վաղ փաստագրման և տվյալների համակարգման ուղղությամբ իրականացված հետևողական աշխատանքով, որի շնորհիվ կազմվել են տեղեկագրեր և փաստաթղթերի հավաքածուներ՝ ներկայացված նաև միջազգային դիվանագիտական շրջանակներին՝ նպատակ ունենալով բարձրացնելու հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործության միջազգային ճանաչման խնդիրը։
Հետազոտության առանցքում Գևորգ Մեսրոպի՝ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող անձնական ֆոնդն է, որի նյութերի զգալի մասը մինչ օրս մնում է անտիպ և քիչ ուսումնասիրված։ Արխիվային նյութերի քննությունը հնարավորություն է տալիս առանձնացնելու մի շարք կարևոր շերտեր՝ ցեղասպանության տարիների իրադարձությունների վերաբերյալ նախնական տվյալներ և վիճակագրություն, ականատեսների՝ քիչ հայտնի, ստվերում մնացած վկայություններ, ինչպես նաև փաստաթղթերի դասակարգման և համակարգման մեխանիզմներ, որոնք նպաստում են նյութի գիտական արժևորմանը։
Գևորգ Մեսրոպի արխիվի համալիր քննությունը թույլ է տալիս պնդել, որ այն ոչ միայն պատմական վավերագրերի շտեմարան է, այլև ապացույց այն հետևողական աշխատանքի, որն իրականացրել է հայ մտավորականությունը՝ աղետի հետքերն ու հիշողությունը կորստից փրկելու համար։
Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ Գևորգ Մեսրոպի անձնական արխիվը աղբյուրագիտական բացառիկ արժեք ունեցող հավաքածու է, որն էական ներդրում ունի Հայոց ցեղասպանության պատմագրության հարստացման գործում։ Միաժամանակ այն կարևոր վկայություն է հայ մտավորականության ծավալած նպատակային և համակարգված գործունեության մասին՝ ուղղված պատմական հիշողության պահպանմանը, վավերագրերի հավաքմանը և հետագա սերունդներին դրանց փոխանցմանը։
Բանալի բառեր` Գևորգ Մեսրոպ, Հայոց ցեղասպանություն, վավերագրում, հուշագրություն, վկայություն, բռնի տեղահանություն, տեղեկագիր, վիճակագրություն, ոճրագործների ցանկ։
Ստացվել է 14.01.2026
Ընդունվել է տպագրության 05.05.2026
Միհրան ՄինասեանՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի խորհրդական: Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանության աղբյուրագիտություն, հայ տպագիր գրքի և մամուլի մատենագիտություն, Արևմտյան Հայաստանի հայ գրատպության պատմություն, հայերեն հին ձեռագրեր, հալեպահայ գաղթօջախի պատմություն, արաբերենով ստեղծագործած հայ գրողներ:
Էլ. փոստի հասցե՝ mihran.min@gmail.com, Ռեգինա ԳալուստյանՊատմական գիտությունների թեկնածու, ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի ավագ գիտաշխատող:
Ուսումնասիրությունների ոլորտները՝ թուրքական ազգայնականություն, «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գաղափարախոսություն, Հայոց ցեղասպանության իրագործման մեթոդներ:
Էլ. փոստի հասցե՝ galustyan.regina@genocide-museum.am
Ամփոփում
Հոդվածում լուսաբանվում են Հայոց ցեղասպանության ընթացքում ձևավորված համակենտրոնացման ճամբարները՝ որպես համակարգված ոչնչացման գործիքներ։ Ուսումնասիրությունը սկսվում է Հայոց ցեղասպանության համատեքստում տերմինի կիրառության օրինակներով, սակայն հետազոտության բուն խնդիրը ճամբարներում վերապրած հայերի փորձառության վերհանումն է: Վերապրածների վկայությունների համադրությամբ առանձնացվել են մի շարք հատկանիշներ՝ տարածքի սահմանափակում և տեղաշարժի արգելք, հակասանիտարական պայմանների դիտավորյալ ստեղծում ու հանդուրժում, բռնի սովամահություն, որոնք բնորոշ են պատմության մեջ հանդիպող և աշխարհագրական տարածականություն ունեցող նմանատիպ այլ կառույցների: Ուսումնասիրության աղբյուրագիտական հիմքը ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններն ու վկայություններն են, որոնք բացահայտում են ճամբարային կյանքի իրական պատկերը և ճամբարի դերը ցեղասպանական քաղաքականության մեխանիզմում։
Բանալի բառեր` բռնի տեղահանություն, հումանիտար աղետ, բռնի սովամահություն, «սպիտակ ջարդ», Դեր-Զոր, Կաթմա, Բաբ:
Ստացվել է 17.12.2025
Ընդունվել է տպագրության 29.04.2026
Լուսինե Աբրահամյան «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հայցորդ, Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի կրտսեր գիտաշխատող:
Ուսումնասիրության ոլորտը՝ Տրապիզոնի հայ բնակչության բնաջնջումը Հայոց ցեղասպանության տարիներին:
Էլ. փոստի հասցե՝ museum@genocide-museum.am
Ամփոփում
Սույն հետազոտությունը Հայոց ցեղասպանության տարիներին Տրապիզոնի հայ բնակչության բնաջնջման հիմնախնդրին նվիրված առավել ընդգրկուն ուսումնասիրության բաղկացուցիչ մաս է, որում քննության է ենթարկվում Հայոց ցեղասպանության տարիներին տարանցիկ կայանների՝ որպես բնաջնջման քաղաքականության իրականացման հենակետերի գործառնական նշանակությունը: Հոդվածում հիմնավորվում է այն թեզը, որ այդ վայրերը ոչ թե պարզապես ժամանակավոր ճամբարներ էին, այլ նախանշված հանգույցներ՝ միտված տեղահանվածների համակարգված հյուծմանը, ֆիզիկական նոսրացմանը և վերջնական ոչնչացմանը:
Աշխատանքի աղբյուրագիտական հենքը Զեփյուռ Մեծպահքյանի (ծնյալ՝ Վելետյան) «Յուշեր և փուշեր» (1965 թ.) հուշագրությունն է և վավերագրական այլ նյութեր: Հետազոտության առանցքում Տրապիզոնի հայերի տեղահանության երթուղու վերակառուցումն է, որը ձգվում էր Դեյիրմենդերեի հովտով դեպի Երզնկա և Քեմախի կիրճ, ապա՝ Գյոլջուկ լճի (Հազար լիճ) սպանդանոցներ: Մեծպահքյանի անձնական փորձառության միջոցով ներկայացվում են բռնագաղթի ճանապարհին տեղահանվածների գոյապայքարի և գոյատևման մեխանիզմները ծայրահեղ ապամարդկայնացված պայմաններում:
Հատուկ ուշադրություն է դարձվում հուշագրության՝ որպես սկզբնաղբյուրի արժևորմանը, որը, չնայած ժամանակային հեռավորությամբ պայմանավորված որոշակի սուբյեկտիվությանը, թույլ է տալիս վեր հանել տեղահանության աշխարհագրության և բնաջնջման տեխնոլոգիաների մանրամասներ: Հոդվածում եզրահանգում ենք, որ Տրապիզոնի հայերի տեղահանության ողջ ենթակառուցվածքը նպատակաուղղված էր քարավանների իսպառ բնաջնջմանը մինչև նշանակետ՝ Մոսուլ հասնելը:
Բանալի բառեր` Հայոց ցեղասպանություն, Տրապիզոն, տարանցիկ կայան, տեղահանության երթուղի, Զեփյուռ Մեծպահքյան, հուշագրություն, Քեմախի կիրճ, Գյոլջուկ լիճ, բնաջնջման աշխարհագրություն:
Ստացվել է 12.11.2025
Ընդունվել է տպագրության 14.04.2026
Սարգիս ԱղասյանԻրավաբան, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժնի կրտսեր գիտաշխատող։
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանության իրավական ասպեկտները, ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման իրավական մեխանիզմներ, անցումային արդարադատություն, պատմական արդարության և հատուցման հիմնախնդիրներ։
Էլ. փոստի հասցե՝ s.aghasyan@yahoo.com
Ամփոփում
Սույն հոդվածում քննվում են Հայոց ցեղասպանության համար ռեպարացիաների պահանջի միջազգային իրավական հիմքերը՝ պետության պատասխանատվության ժամանակակից դոկտրինայի և ի մասնավորի շարունակական խախտման ինստիտուտի լույսի ներքո։ Չնայած այն հանգամանքին, որ 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը նախորդել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» 1948 թ. կոնվենցիայի ընդունմանը, հոդվածում հիմնավորվում է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ միջազգային իրավախախտումների համար պետության պատասխանատվությունը և լիարժեք ռեպարացիայի պարտավորությունը, կիրառելի են նաև տվյալ դեպքում։
Հոդվածում ներկայացվում է այն թեզը, որ Հայոց ցեղասպանության հետևանքները՝ բռնագրավված գույքը չվերադարձնելը, մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը և տեղահանված համայնքների իրավունքների դեռևս վերականգնված չլինելը, ըստ Միջազգային իրավական հանձնաժողովի (ՄԻՀ) 2001 թ. «Միջազգային իրավախախտումների համար պետությունների պատասխանատվության մասին» հոդվածներից (որոշ աղբյուրներում գործածվում է նաև ««Պետությունների պատասխանատվությունը միջազգային հակաիրավական արարքների համար» հոդվածներ» վերտառությամբ) 14-րդ հոդվածի 2-րդ մասի, շարունակվող միջազգային իրավախախտում են, որի հետևանքով պետության ռեպարացիոն պարտավորությունը պահպանվում է մինչ օրս։ Աշխատանքում դիտարկվում են ռեպարացիայի երեք հիմնական ձևերը՝ ռեստիտուցիա, փոխհատուցում և սատիսֆակցիա, ինչպես նաև առանցքային դատական պրակտիկան՝ «Խոժուվի գործարանի» (Գերմանիան ընդդեմ Լեհաստանի) գործից մինչև Տիտինա Լոիզիդուին ընդդեմ Թուրքիայի գործը։ Առանձնակի ուշադրություն է դարձված ժամանակային սահմանափակումների (վաղեմության) խնդրին և միջժամանակային իրավունքի սկզբունքին վերաբերող հակափաստարկներին։
Որպես եզրակացություն նշվում է, որ, չնայած գործնական և քաղաքական խոչընդոտներին, Հայոց ցեղասպանության համար ռեպարացիաների պահանջը ներկայումս ունի ընդհանրացված միջազգային իրավական հիմք, որը ենթադրում է ոչ թե պատմական արդարության վերականգնում որպես հայեցողական ակտ, այլ պետության կողմից պարտավորության շարունակական կատարում։
Բանալի բառեր` Հայոց ցեղասպանություն, ռեպարացիա, պետության պատասխանատվություն, շարունակական խախտում, պետական իրավահաջորդություն։
Ստացվել է 19.08.2025
Ընդունվել է տպագրության 08.05.2026

«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։
