Աշուն 2014, հատոր 2

Ցեղասպանագիտական հանդես

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հայկ Դեմոյան
Էջ 9-23

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում և վերլուծության է ենթարկվում XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում սպորտի և սկաուտական շարժման ասպարեզներում հայ-թուրքական ազգայնական մրցակցության դրսևորումները։
1908 թ. գալով իշխանության՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը հետևողականորեն սկսեց իրագործել թուրքական ազգայնամոլական գաղափարախոսությունը, որի առանցքն էին կազմում կայսրության հպատակների թրքացումը ու փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումը:
Հայ մարզիկների հաջողություններն ու հայկական մարզական կյանքի զարգացումը հակադրվում էին թուրքերին բոլորից բարձր դասելուն միտված պաշտոնական քաղաքականությանը: Առաջին աշխարհամարտի նախօրեին երիտթուրքերը թուրքական մարզական կյանքը լիովին վերաձևեցին իթթիհատական ոգով` այդ կերպ ձգտելով առավելության հասնել քրիստոնյա փոքրամասնությունների առավել զարգացած մարզական կառույցների ու ցուցանիշների նկատմամբ:

Բանալի բառեր՝ երիտթուրքեր, սպորտ, սկաուտական շարժում, Օլիմպիական խաղեր, մարմնակրթություն։

Ստացվել է` 05.11.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Նարինե Հակոբյան
Էջ 24-31

Ամփոփում
Հոդվածում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ. արևմտահայերի կոտորածների և դրան հաջորդած մի քանի տարիների ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում օտարերկրյա միսիոներների գործունեությանն ու դրա արդյունքներին: Քննության է առնվում ինչպես ամերիկյան (Օտարերկրյա լիազորների ամերիկյան խորհուրդ, Ամերիկյան կարմիր խաչ), այնպես էլ եվրոպական կազմակերպությունների («Գերմանական առաքելություն արևելքում», «Կանանց առաքելության աշխատողներ») նպաստամատույց գործունեությունը: Ներկայացվում և վերլուծվում է այն վիթխարի և անձնվեր աշխատանքը, որն ուղղված էր հազարավոր որբերի և այրիների խնամքին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, ﬕսիոներներ, Օսմանյան կայսրություն, արևմտահայության կոտորածներ:

Ստացվել է` 30.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Արփինե Բաբլումյան
Էջ 32-38

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում են համիդյան կոտորածների իրականացման հիմնական մեխանիզմներն Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի օրինակով: Օսմանյան կայսրությունում իշխանությունների` դարեր շարունակ վարած հայահալած քաղաքականության կարևոր մասն է եղել տարածքի ժողովրդագրական պատկերի փոփոխումը հօգուտ մուսուլմանների: XIX դարի վերջին կազմակերպված հայերի զանգվածային կոտորածները ևս կարևոր ժողովրդագրական փոփոխությունների հանգեցրին: Մասնավորապես, Խարբերդի նահանգում կոտորածներին զոհ գնաց շուրջ 40000, բռնությամբ կրոնափոխ արվեց շուրջ 15000 հայ:

Բանալի բառեր՝ Արևմտյան Հայաստան, Խարբերդի նահանգ, համիդյան կոտորածներ, իսլամացում, ժողովրդագրություն, Մալաթիա, Արաբկիր, Ակն:

Ստացվել է` 06.11.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Վալերի Թունյան
Էջ 39-54

Ամփոփում
Օսմանյան Թուրքիայի, ինչպես նաև արդի Թուրքիայի, հայերի արտաքսման մասին ﬕֆերի (առասպելների) նպատակն է քողարկել Հայոց ցեղասպանության պատմական եղելությունը: Հանդիսանալով պետական գաղափարախոսության և քաղաքականության բաղկացուցիչ մասը՝ նրանք ձգտում են ապահովել թուրքական հասարակության անﬔղության վարկածը, խուսափել պատասխանատվությունից և փոխհատուցուﬕց: Թուրքիայի քաղաքական ընտրախավը, հակազդելով Հայոց ցեղասպանության ﬔղադրանքին, 2014 թ. ապրիլի 23-ին ճանաչեց ﬕայն 1915 թ.-ին հայերի «արտաքսելու» փաստը:
Հայերի արտաքսման մասին առասպելաբանությունը Հայոց ցեղասպանության ժամանակ անցել է որոշակի փուլեր` երիտթուրքերի պաշտոնական առասպելաբանությունը, որն արդարացնում է իրականացվող քաղաքականությունը, ժխտման և կեղծման առասպելները (ХХ դ. վերջ-ХХI դ. սկիզբ), Ճանաչման և ժխտման ﬕֆերը (2014): Վերջին առասպելաբանությունը, ընդունելով հայերի արտաքսումը, հավասարեցնում է հայերի և մահﬔդականների զոհերի քանակը` ժխտելով Հայոց ցեղասպանությունը:

Բանալի բառեր` Հայոց ցեղասպանության ժխտողականություն, հայերի տեղահանություն, երիտթուրքեր, առասպելաբանություն, Թուրքիա, Հայաստան:

Ստացվել է` 24.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014    

Նարինե Մարգարյան
Էջ 55-66

Ամփոփում
Հոդվածում ներկայացված է Հայոց ցեղասպանության իրականացման գործընթացում երիտթուրքերի՝ իսլամը որպես գործիք օգտագործելու քաղաքականությունը: Թուրք քաղաքական գործիչները կրոնական մոլեռանդության սերմանմամբ փորձում էին ուժեղացնել իրենց հակահայկական հռետորաբանությունը: Հայերը ներկայացվում էին որպես իսլամի թշնամիներ, և դրանով փորձ էր կատարվում ամրապնդել հայ ազգի ոչնչացման հիմնավորումները: Ջիհադի գաղափարը ևս շահարկվում էր հակահայկական զգացումների ուժեղացման նպատակով:
Միևնույն ժամանակ արաբ առաջնորդները, այդ թվում՝ շերիֆ Հուսեյնը, ուժգնորեն հակադրվում էին այս մոտեցմանը՝ կասկածի տակ դնելով երիտթուրքերի գաղափարները: Նրանք կոչ էին անում երիտթուրքերին չօգտագործել իսլամը քաղաքական նպատակներին հասնելու համար և հայտարարում էին, որ իսլամի հիմնական սկզբունքներն ուղղակի հակադրվում էին Օսմանյան կայսրության իշխանությունների՝ հայերի դեմ ուղղված ցեղասպանական քաղաքականությանը:

Բանալի բառեր` Հայոց ցեղասպանություն, երիտթուրքական կառավարություն, արաբներ, պետական քաղաքականություն, իսլամի շահարկում, իսլամական գաղափարներ, կրոնական մոլեռանդություն, ջիհադ:

Ստացվել է` 24.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Գևորգ Վարդանյան
Էջ 67-75

Ամփոփում
Մուդրոսի զինադադարի ստորագրումից հետո պատերազմում պարտություն կրած Օսմանյան կայսրությունը պարտավորվեց Անդրկովկասից դուրս բերել իր զորքերը մինչև Առաջին աշխարհամարտը գոյություն ունեցող սահմանները: Սակայն թուրքական իշխանությունները ձգձգում էին զորքերի դուրս բերումը: Ավելին, նրանք ստեղծում են Կարսի մահմեդական խորհուրդը, ապա հռչակում «Հարավարևմտյան կովկասյան ժամանակավոր կառավարությունը»: Այդ քաղաքականության հիմնական նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը նշված տարածքների անցումը կանխելն էր: Արհեստական պետական կազմավորումներ ստեղծելու ռազմավարությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ լայնորեն օգտագործվեց 20-րդ դարի ընթացքում:

Բանալի բառեր՝ Օսմանյան կայսրություն, Հարավարևմտյան կովկասյան ժամանակավոր կառավարություն, Կարս, շուրա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն:

Ստացվել է` 31.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Ռեգինա Գալուստյան
Էջ 76-89

Ամփոփում
Պատմությունը և պատմական հիշողությունը կարևոր են ազգաստեղծման նախագծերի համար: Անցյալի հիշողությամբ է հավաքականությունը ձեռք բերում ինքնություն: Թուրքիայի Հանրապետության դեպքում այդ ինքնության կառուցումն ակնհայտ արհեստական բնույթ էր կրում: Այս քաղաքականության արդյունքում զարգացավ արհեստական թուրքական պատմագրությունը, որի հիմնաքարը դարձավ Մուստաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) Ճառը: Դրույթները, որոնք հիմնավորվեցին Ճառում, ինչպես օրինակ՝ Արևմտյան Հայաստանում թուրքերի տեղաբնիկության, հայկական նահանգների թուրքական լինելու, հայերի և կայսրության բոլոր փոքրամասնությունների դավաճանության, Արևմուտքի հետ վերջիններիս համագործակցության, Հայոց ցեղասպանության մեջ թուրքերի անմեղության վարկածները միավորվելով ստեղծեցին «թուրք ժողովրդի դեմ համաշխարհային դավադրության» տեսությունը, որը նրանց ստիպեց ընդունել իրենց թուրք ինքնությունը, միավորվել արտաքին վտանգի դեմ նոր Թուրքիայի Հանրապետության մեջ, ժխտել ամենայն հայկականը և հայերին:

Բանալի բառեր` ինքնության կերտում, հիշողության ձևավորում, պատմագրություն, Ճառ, Արևմտյան Հայաստան:

Ստացվել է` 06.11.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Ռոբերտ Թաթոյան
Էջ 90-99

Ամփոփում
Հոդվածում թուրք ուսումնասիրող Ֆուաթ Դյունդարի «Թվերի ոճիրը. Վիճակագրության դերը Հայկական հարցում (1878-1918)» մենագրության օրինակով (լույս է տեսել 2010-ին անգլերեն լեզվով) ներկայացվում և վերլուծության են ենթարկվում Հայոց ցեղասպանության նախօրյակին Օսմանյան կայսրության հայ բնակչության թվաքանակի և Եղեռնին զոհ գնացած հայերի թվի ճշգրտման հարցերի ուսումնասիրության մեջ ի հայտ եկած որոշ նոր միտումները։
Իր գրքում Դյունդարը, ի թիվս այլ թեմաների, անդրադառնում է վերոնշյալ հարցերին` մասնավորապես առանձին գլուխ նվիրելով Մեծ եղեռնի զոհերի քանակի հաշվարկներին։ Այդ հաշվարկների արդյունքում Դյունդարը, հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկի` Թալեաթի վերջերս հայտնաբերված և հրատարակված նոթատետրում առկա վիճակագրական տվյալները, գալիս է այն եզրակացության, որ 1915 թ. Նախօրյակին Օսմանյան կայսրությունում բնակվել է մոտ 1,5 միլիոն հայ` մի թիվ, որն էապես ցածր է իրականից։
Այնուհետև Դյունդարը, Մեծ եղեռնի նախօրյակին Օսմանյան կայսրության հայ բնակչության` իր որոշած 1,5 միլիոն թվից հանելով 1918 թ. հայ վերապրածների` իր հաշվարկած թիվը (836,000 շունչ), հանգում է այն եզրակացության, որ Մեծ եղեռնին զոհ է գնացել մոտ 664,000 հայ, թիվ, որը ևս չի համապատասխանում իրականությանը և թերհաշվառում է:
Բանալի բառեր` Հայոց ցեղասպանության ժխտում, վիճակագրություն, թուրքական պատմագրություն:

Ստացվել է` 08.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ ԵՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Մանուկյան
Էջ 100-126

Ամփոփում
Հայոց ցեղասպանության իրականացման մեջ ներգրավված անձանց շրջանակը եւ աստիճանակարգը կարելի է պայմանականորեն բաժանել մի քանի մակարդակի:
Հիերարխիայի վերին օղակը՝ հիմնական որոշում կայացնողներն էին՝ պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, Միություն եւ Առաջադիմություն կուսակցության վերնախավը եւ մի քանի ազդեցիկ անհատներ, որոնք հաճախ միաժամանակ եւ՛ կուսակցապետեր, եւ՛ պետության ղեկավարներ, եւ՛ ազդեցիկ գործիչներ էին:
Միջին մակարդակում էին տեղական կազմակերպիչները՝ վալիները, մութասարիֆները, տեղական ոստիկանապետերը, ժանդարմերիայի ղեկավարությունը, կրոնական առաջնորդները, ինչպես նաեւ հսկայական ազդեցություն ունեցող Իթթիհաթի պատասխանատու քարտուղարները։ Գործընթացի մեջ ներգրավված էին նաեւ Օսմանյան բանակը եւ ոստիկանությունը։ Հատկապես մեծ դերակատարում ունեցավ «Թեշքիլաթ-ի Մահսուսե» («Հատուկ կազմակերպություն») կիսառազմականացված կառույցը, որը հավաքագրվում էր բանտերից ազատ արձակված հանցագործներից, չերքեզական ավազակախմբերից եւ քրդական ցեղախմբերից։
Համակարգի ստորին հատվածում «շարքային» մարդասպաններն էին՝ հազարավոր հասարակ մուսուլմաններ, ովքեր, օգտվելով անպատժելիության մթնոլորտից, ուղղակիորեն մասնակցում էին հայ բնակչության կողոպուտին եւ սպանություններին:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանության պատասխանատուներ, ոճրագործներ, զանգվածային մասնակցություն:

Ստացվել է` 09.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Քրիստինե Նաջարյան
Էջ 127-132

Ամփոփում
Հոդվածում քննության է առնվում հանրակրթական դպրոցներում Հայոց ցեղասպանություն թեմայի ուսուցման հիմնախնդիրը: Ցույց են տրվում հայ իրականության մեջ Մեծ եղեռնի թեմայի ներկայացման հիմնական մեխանիզմները, որոնք կիրառվել են վերջին տասնամյակների ընթացքում: Հիմնական եզրահանգումն այն է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է դասավանդվի դպրոցներում՝ որպես առանձին առարկա: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ցեղասպանության մասին կրթությունը կարեւորվում է ցեղասպանության ենթարկված ժողովրդի, ապա նաեւ ամբողջ մարդկության հավաքական հիշողության պահպանման եւ փոխանցման ու դրանից բխող՝ նոր ցեղասպանությունների կանխարգելիչ գործառույթների տեսանկյունից:

Բանալի բառեր՝ ցեղասպանություն թեմայի ուսուցում, Հայոց ցեղասպանություն, կանխարգելում, հիշողություն:

Ստացվել է` 11.11.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Շուշան Խաչատրյան
Էջ 133-143

Ամփոփում
Հոդվածի մեջ անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության աստվածաբանական եւ կրոնագիտական ուսումնասիրություններին: Առանձնացված են երկու գլխավոր թեմաներ՝ պատմակրոնագիտական եւ աստվածաբանական՝ իրենց ենթակետերով ու դրանց համապատասխան համառոտ նկարագրությամբ: Պատմա-կրոնագիտական ուսումնասիրությունների նյութ են Քանանի ազգերի կոտորածը (որի մասին խոսվում է Հին Կտակարանում), ցեղասպանությունների ընթացքում կրոնների բախումը. կա՞ր արդյոք կրոնների քաղաքակրթական բախում, որի հետեւանքով տեղի ունեցավ ցեղասպանությունը (իսլամի եւ քրիստոնեության օրինակով): Երկրորդ խումբը վերաբերում է աստվածաբանական ուսումնասիրություններին՝ ներառելով զոհաբերության եւ զոհի աստվածաբանության որոշ հարցեր, չարի հիմնախնդրի եւ թեոդիցեայի աստվածաբանական վերլուծություն ցեղասպանության թեմայի շուրջ, ցեղասպանության զոհերի սրբադասման հարցերը եւ ցեղասպանությունից հետո ազգային ինքնությանն առնչվող որոշ թեմաներ:

Բանալի բառեր` ցեղասպանության աստվածաբանություն, կրոնափոխություն, մեղքերի մեղք, չարի հիմնախնդիրը, թեոդիցեա, սրբադասում:

Ստացվել է` 05.11.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

ԻՐԱՎՈՒՆՔ

Էդիտա Գզոյան
Էջ 144-155

Ամփոփում
Հոդվածն անդրադառնում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այն ներկայացնում է հայտնի ցեղասպանագետների կարծիքները եւ դատարանների որոշումները, որով Ցեղասպանության ժխտումը որակվում է որպես ռասիզմ եւ ռասայական խտրականություն: Հոդվածի հիմնական դրույթն այն է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հավասարազոր է հայերի հանդեպ խտրականության եւ ռասիզմի: Ներկայացվում են նաեւ ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ ազգային եւ միջազգային օրենսդրությունները, ինչպես նաեւ քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրից բխող Թուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվության հարցը:

Բանալի բառեր` Հայոց ցեղասպանության ժխտում, ռասիզմ, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր, Թուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվությունը:

Ստացվել է` 24.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Նարեկ Պողոսյան
Էջ 156-163

Ամփոփում
Հոդվածում քննության է առնվում այն հարցը, թե ինչ ազդեցություն է ունեցել Հայոց ցեղասպանության թեման Ռաֆայել Լեմկինի հայացքների վրա նրա գործունեության սկզբնական շրջանում: Մասնավորապես անդրադարձ է կատարվում այն խնդրին, թե Հայոց ցեղասպանությունն իրագործողների անպատիժ մնալը որքանո՞վ է Ռաֆայել Լեմկինի մեջ առաջացրել նմանատիպ հանցագործությունները պատժելու մեխանիզմների անհրաժեշտության գիտակցում: Հոդվածում, որը հիմնված է նաեւ Ռաֆայել Լեմկինի կենսագրական տեղեկությունների վրա, ցույց է տրվում, որ Լեմկինի կողմից միջազգային իրավունքի ուսումնասիրության հարցում առաջնային տեղ է գրավել Հայոց ցեղասպանության թեման:

Բանալի բառեր` ցեղասպանություն, միջազգային իրավունք, Ռաֆայել Լեմկին:

Ստացվել է` 18.11.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Սեդա Պարսամյան
Էջ 164-175

Ամփոփում
Այս հոդվածի շրջանակներում քննարկվում են երկու հարցեր.
1. Ռաֆայել Լեմկինի սահմանած ցեղասպանության հայեցակարգում «մշակութային ցեղասպանություն» եզրույթի կամ ցեղասպանության մշակութային բաղադրիչի ունեցած առանցքային դերը:
2. Միջազգային իրավական փաստաթղթերում առ այսօր ցեղասպանություն եզրույթի ձեւակերպման ընդլայնման եւ դրանում մշակութային ասպեկտի ներառման հարցը:
Խոսքը մասնավորապես ՄԱԿ-ի կողմից 1948 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի եւ 2007 թ. սեպտեմբերի 13-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին» հռչակագրի մասին է, որոնց նախնական տարբերակներում թեեւ ընդգրկված էր «մշակութային ցեղասպանություն» եզրույթը, եւ դատապարտվում էր վերջինիս հետ կապված ցանկացած գործողություն, սակայն այս 2 կարեւոր փաստաթղթերն էլ վերջնական տարբերակում խմբագրվեցին, եւ «մշակութային ցեղասպանություն» եզրույթը դուրս մնաց:

Բանալի բառեր` մշակութային ցեղասպանություն, ցեղասպանության մշակութային բաղադրիչ, ցեղասպանության հայեցակարգ, կոնվենցիայի նախագիծ, ցեղասպանության կոնվենցիա, միջազգային իրավունք, Ռաֆայել Լեմկին:

Ստացվել է` 31.10.2014
Հրատարակվել է՝ 23.12.2014

Theme: Overlay by Kaira