Գարուն 2019, հատոր 1

Ցեղասպանագիտական հանդես

Հասմիկ Գ. Գրիգորյան
Էջ 9-26

Ամփոփում
Հոդվածի գլխավոր խնդիրն է քննարկել, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության ժամանակ սննդի ձեռքբերման եղանակները կարող են դիտարկվել որպես ոչ զինված դիմադրություն: Այս նպատակով հոդվածի առաջին մասում անդրադարձ է կատարված գիտակարգային որոշ հարցադրումների և ոչ զինված դիմադրության հայեցակարգի ձևավորմանը Հոլոքոստի համատեքստում:
Նման գիտական հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ չնայած Հայոց ցեղասպանության ժամանակ եղել են մի շարք զինված դիմադրություններ` ինքնապաշտպանական մարտեր, այդ թվում նաև՝ հաղթական ելքով, ինչպես Վանում, այնուամենայնիվ կա մտայնություն, որ հայերը ինչ-որ չափով մեղավոր են, քանի որ «մորթվել են ոչխարների պես», այն է` առանց դիմադրության: Այդ իսկ պատճառով այս հոդվածի նպատակն է գիտական գնահատական առաջարկել «դիմադրություն» հասկացությանը` վերջինիս ենթակատեգորիաները դարձնելով առանձին հետազոտության առարկաներ: Անշուշտ, մեկ հոդվածի շրջանակներում հնարավոր չէ անդրադառնալ հիմնախնդրի բոլոր տեսանկյուններին և դիմադրության բոլոր ձևերին, այնուամենայնիվ հոդվածը փորձ է՝ ձևավորելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում նոր հարցադրումներ:
Հոդվածի երկրորդ հատվածում փորձ է արված խմբավորել Հայոց ցեղասպանության ժամանակ սննդի ձեռքբերման ձևերը և դիտարկել դրանք ոչ զինված դիմադրության հայեցակարգի համատեքստում: Անդրադարձ է կատարված հատկապես երեխաների փորձառություններին` փորձելով նաև վեր հանել, թե որ սոցիալական խմբերը ինչ տեսակի գործունեության մեջ են ընդգրկված եղել և ինչ ծավալով: Հայոց ցեղասպանության առօրեականության մաս կազմող սննդի ձեռքբերման եղանակները տվյալ հոդվածում քննարկվում են որպես Ցեղասպանության` մարդկանց սովամահության դատապարտելու քաղաքականության դեմ գիտակցված և չգիտակցված պայքարի դրսևորում:
Հոդվածի համար աղբյուրագիտական հիմք են Հայոց ցեղասպանությունը վերապրողների տպագրված հուշագրությունները և բանավոր պատմությունները: Աղբյուրագիտական նյութը ցույց է տալիս, որ սննդի ձեռքբերման եղանակները բազմազան են եղել: Սակայն հոդվածում ներկայացված են ամենից հաճախ հանդիպող ձևերը` վայրի խոտերով սնվելը, մրգերի, հատապտուղների և ընկուզեղենի հավաքչություն, մուրացկանություն, որոնք հաճախ վերապրողների կողմից մեկնաբանվում են որպես կենաց-մահու պայքար:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, երեխաներ, ոչ զինված դիմադրություն, սնունդ, հուշագրություններ, բանավոր պատմություններ:

Ստացվել է` 20.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019  

Նարինե Վ. Մարգարյան
Էջ 27-53

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է 1915 թ. հուլիսին Հալեպում հիմնադրված և մինչև 1924 թ. անընդմեջ գործունեություն ծավալած հայկական որբանոցի պատմությունը, որբերի փրկության հարցում կառույցի ունեցած դերը, վերլուծվում են որբերի թվական տվյալները, ներկայացվում որբանոցի կրթական, առողջապահական, ֆինանսական, արհեստագործական ոլորտի մանրամասները, խնամատար մարմինների ծավալած գործունեությունը, ինչպես նաև որբանոցի առջև ծառացած խնդիրներն ու դրանց լուծումները: Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև խնդրո առարկա ժամանակահատվածում տարածաշրջանային քաղաքական իրադարձություններին, որոնք իրենց անմիջական ազդեցությունն են ունեցել որբանոցային կյանքի վրա:
Առանձին ենթաբաժիններով ներկայացվում են որբանոցային կյանքի մանրամասները մինչև 1918 թ. Սիրիայի անկախացումը, այնուհետև՝ արաբական անկախության երկու տարիների ու արդեն 1920 թ. Սիրիայում ֆրանսիական մանդատի հաստատման տարիների գործունեությունը: Վերլուծվում է կրթական ոլորտը, ներկայացվում են դասավանդման ծրագրերը, առողջապահական ոլորտը: Անդրադարձ է կատարվում որբանոցում իրականացվող հատուկ քաղաքականությանը, ըստ որի՝ երեխաներին արհեստ էին սովորեցնում, ինչը միտված էր հետագայում իրենց ապրուստի միջոցը սեփական ուժերով հայթայթելուն:
Հոդվածում ներկայացվում է նաև 1919 թ. փետրվարի արաբա-թուրքական ուժերի հարձակումը որբանոցի վրա և տնօրենության ձեռնարկած քայլերը՝ որբերի փախուստները կանխելու, ֆինանսական միջոցներ հայթայթելու և որբանոցը ապահով ու վստահելի ապաստան դարձնելու ուղղությամբ:
Հոդվածի աղբյուրագիտական հիմքն են որբանոցի տեղեկագիրը, որբանոցի սաների ու աշխատակիցների հուշագրությունները, ինչպես նաև ժամանակի մամուլը:
Բանալի բառեր` Հայոց ցեղասպանություն, տեղահանություն, Հալեպ, որբեր, որբանոց, արհեստանոց, կրթություն, աջակցություն, փրկություն, Ահարոն Շիրաճյան, Ատուր Լևոնյան, հուշագրություններ:

Ստացվել է՝ 19.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019

Հայկ Մ. Մարտիրոսյան
Էջ 54-65

Ամփոփում
Մարի և Վիլհելմ Շպիքերները Հայոց ցեղասպանության գերմանացի հումանիստ ականատեսներից են, ովքեր ձեռնամուխ են լինում մարդասիրական աշխատանքների՝ փորձելով օգնել հայ աքսորյալներին, որոշ դեպքերում՝ նաև փրկել նրանց։ Շպիքեր ամուսիններն Օսմանյան կայսրության հայերի շրջանում իրենց գործունեությունը ծավալել են դեռևս 19-րդ դարի վերջից, նախ՝ Կ.Պոլսում, ապա՝ Մարաշում։ Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության տարիներին ամուսինները Հալեպում էին։
Հոդվածի նպատակն է ներկայացնել գերմանացի Շպիքեր ամուսիններին որպես Հայոց ցեղասպանության ականատեսներ, նրանց մարդասիրական գործունեությունը, վերհանել և ակտիվ գիտական շրջանառության մեջ դնել նրանց վկայությունները ներառող սկզբնաղբյուրները։ Ներկայացվում է, թե ինչ հանգամանքներում նրանք կարողացան մնալ հումանիստական դիրքերում, անգամ կյանքեր փրկել (թեկուզ և ժամանակավոր) ինչպես Հայոց ցեղասպանության տարիներին, այնպես էլ հետագայում։
Հոդվածը գերազանցապես պատրաստվել է Շպիքեր ամուսինների զեկույցների, «Արևելքում քրիստոնեական օգնության միություն» առաքելության ու Յոհաննես Լեփսիուսի տուն-արխիվի, ինչպես նաև ժամանակի գերմանալեզու մամուլի և առաջնային այլ գրականության հիման վրա։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Օսմանյան կայսրություն, Վիլհելմ Շպիքեր, Մարի Շպիքեր, գերմանացի ականատեսներ, վկայություններ։

Ստացվել է՝ 22.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019

Քրիստինե Վ. Նաջարյան
Էջ 66-76

Ամփոփում
Հոդվածը նվիրված է համիդյան կոտորածներից հետո Մարաշի որբանոցների կրթական կյանքի կազմակերպմանը հայ և օտարազգի մարդասերների և մարդասիրական կազմակերպությունների կողմից: Անդրադարձ է կատարվում հայկական, անգլիական և գերմանական որբանոցների լուսավորական ու կրթական հաջողություններին: Ներկայացնելով Մարաշի որբանոցներում ապաստանած երեխաների կրթական կյանքի հնարավորինս համապարփակ ուսումնասիրությունը՝ առանձնացրել ենք հայկական, անգլիական և գերմանական որբանոցներում իրականացվող կրթական ծրագրերի նշանակությունը սաների կյանքում: Հենվելով սկզբնաղբյուրային և օժանդակ գրականության վրա՝ հոդվածը փաստում է, որ հայկական որբանոցների հիմնումը բավական բարդ գործընթաց էր, և միանգամայն հասկանալի է, որ անհրաժեշտ միջոցների բացակայության պայմաններում, որքան էլ մեծ լիներ ցանկությունը հայ որբերին արժանավայել կրթություն տրամադրելու, հոգածության, խնամքի համար, այնուամենայնիվ, գումարի պակասը պետք է սահմանափակեր այդ հնարավորությունները: Եվ թերևս դա էր պատճառը, որ հայկական որբանոցները չէին կարողանում երկարատև գործունեություն ծավալել: Դրանով է պայմանավորված հայկական որբանոցների գործունեության մասին տեղեկությունների սակավությունը: Այս պայմաններում, բնականաբար, մեծ էր օտար մարդասերների ներդրումը, որոնք լրացրեցին, օժանդակեցին և արեցին հնարավոր ամեն ինչ հայ որբերի կյանքը բարելավելու ուղղությամբ:
Բանալի բառեր՝ Մարաշ, Կիլիկիա, կրթություն, ուսում, որբեր, որբանոցներ, միսիոներներ, Համիդյան կոտորածներ:

Ստացվել է՝ 24.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019

Ռոբերտ Ա. Թաթոյան
Էջ 77-102

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում և վերլուծության է ենթարկվում Վանի գավառակի տարածքում XIX դարի վերջին – XX դարի սկզբներին գործող հայկական վանքերի կացությունը: Նշված ժամանակաշրջանում հայկական վանական կյանքն ինչպես Վանի գավառակում, այնպես էլ ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքում բնութագրվում է շարունակական անկման միտումներով, ինչը պայմանավորված էր քրդերի կողմից վանքերի պարբերական ասպատակումներով և հայ բնակչության շարունակական աշխարհականացմամբ ու դրա հետ կապված՝ վանականի կյանքն ընտրողների թվի նվազմամբ:
Վերոնշյալի հետևանքով՝ 1870-ական թթ. – 1910-ական թթ. սկիզբ ընկած ժամանակաշրջանում ամայանում են Վան-Վասպուրականի բազմաթիվ վանքեր:
1908 թ. երիտթուրքական հեղափոխությունից հետո հայկական ազգային կառույցների գործունեության շնորհիվ՝ Վանի վանքերի սոցիալ-տնտեսական վիճակն սկսում է ցույց տալ բարելավման միտումներ, հետզհետե սկսում է աշխուժանալ վանական կյանքը: Սակայն 1914 թ. բռնկված Առաջին աշխարհամարտը և Մեծ եղեռնը մեկընդմիշտ կասեցնում են այդ գործընթացը:
Բանալի բառեր՝ համիդյան կոտորածներ, Մեծ եղեռն, Վանի գավառակ, վանքեր, Վարագավանք, Լիմ, Կտուց:

Ստացվել է՝ 19.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019

Էլինա Զ. Միրզոյան
Էջ 103-115

Ամփոփում
Հոդվածը երիտթուրքական պարբերական մամուլի պատմության (մինչև 1908 թ.) շուրջ համառոտ անդրադարձն է: Հատկապես կենտրոնացում է արվել երիտթուրքական մամուլի պատմության առաջին փուլի վրա: Հոդվածը լուսաբանում է նշված շրջանի երիտթուրքական առաջատար թերթերի հիմնադրման/սկզբնավորման, տարածման պատմությունը, որն ընդգրկում էր 1890-ական թթ. մինչև 1908/1909 թթ.: Այս շրջանում թերթերը տպագրվում էին Օսմանյան կայսրության տարածքից դուրս՝ գլխավորապես Կահիրեում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ վայրերում, քանի որ Օսմանյան կայսրությունում գործող աբդուլհամիդյան գրաքննությունն ու տիրող բռնաճնշումները կայսրության տարածքում սեփական գաղափարները, քաղաքական հայացքները ազատորեն տարածելու հնարավորություն չէին տալիս:
Բանալի բառեր՝ Օսմանյան կայսրություն, պարբերական մամուլ, երիտթուրքեր, երիտթուրքական մամուլ, «Իչդիհադ», «Մեշվերեթ», «Միզան»:

Ստացվել է՝ 21.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019

Թեհմինե Ռ. Մարտոյան
Էջ 116-125

Ամփոփում
Հույների ցեղասպանության հարցն՝ ամենատարբեր հանգամանքներով պայմանավորված՝ տասնամյակներ շարունակ լռության է մատնվել1։ Պետք է նշել, որ չնայած Հայոց ցեղասպանության պատմագրության զարգացմանը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում քիչ են այն հայ պատմաբանները, ովքեր հետազոտել են Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիներին Օսմանյան պետության հակահունական քաղաքականության շարժառիթներն ու հետևանքները: Կարելի է անվարան ընդգծել, որ հարցին ուսումնասիրողներն անդրադարձել են կա՛մ հակահայկական քաղաքականության և Հայոց ցեղասպանության համատեքստում, կա՛մ ժամանակի հույն-թուրքական հարաբերությունների ձևաչափով:
Ներկայացնելով հայ պատմագրության մեջ հարցին անդրադարձած հեղինակներին՝ հիմնական շեշտը դնում ենք Գևորգ Վարդանյանի «Հույն բնակչությունն Օսմանյան կայսրությունում և փոքրասիական աղետը (1914-1923 թթ.)» մենագրության վրա։
Բանալի բառեր՝ Հույների ցեղասպանություն, Օսմանյան պետություն, հայ պատմագրություն, կոտորած, տեղահանություն, Փոքրասիական աղետ, Պոնտոս, Թրակիա:

Ստացվել է՝ 18.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019

Նարինե Ս. Հակոբյան
Էջ 126-138

Ամփոփում
Հարություն Կիրակոսյանն իր հուշագրության մեջ ներկայացնում է իր և իր ընտանիքի փորձառությունը Մեծ եղեռնի տարիներին: 1915 թ., լինելով ընդամենը 11 տարեկան, նա անցել է տարագրության ճանապարհը՝ կորցնելով ընտանիքի անդամներին և միայն հրաշքով փրկվելով: Նա մեկն էր այն սակավաթիվ հայերից, որոնք ոչ միայն փրկվեցին, այլ նաև իրենց փորձառությունը հուշագրության տեսքով հանձնեցին ապագա սերունդներին:
Հուշագրությունը գրվել է Մեծ եղեռնից 50 տարի անց: Անշուշտ, ժամանակն իր ազդեցությունն է ունեցել դեպքերը վերհիշելու և պատմելու հեղինակի նախաձեռնության վրա: Այդուհանդերձ, այս հուշագրությունը բավական կարևոր սկզբնաղբյուր է Հայոց ցեղասպանության և հատկապես տրապիզոնահայության տեղահանությունների և կոտորածների ուսումնասիրության համար:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Տրապիզոն, Հարություն Կիրակոսյան, հուշեր, հայերի տեղահանություն, հայերի կոտորած, Ակն, Արաբկիր:

Ստացվել է՝ 17.01.2019
Ընդունվել է տպագրության՝ 25.05.2019

[uptolike]
Theme: Overlay by Kaira