Ցեղասպանագիտական հանդես
ՀՈԴՎԱԾՆԵՐ
Նարեկ Մ. ՊողոսյանՊատմ. գիտ. թեկն., «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ » հիմնադրամի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող:
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Հայոց ցեղասպանության խնդրի ուսումնասիրությունը Ռաֆայել Լեմկինի կողմից, տեխնոլոգիական առաջընթացը և ցեղասպանության իրագործման ռիսկերը, ցեղասպանությունների առանձին օրինակներ (Բանգլադեշ, Կամբոջա, Թիմոր, Անֆալ և այլն), համեմատական ցեղասպանագիտություն, էլիտիցիդ։
Էլ. փոստի հասցե՝ poghosyan.narek@genocide-museum.am
Էջ 9-39
Ամփոփում
Էլիտայի ու մտավորականության ոչնչացման խնդիրը կարևոր տեղ է զբաղեցնում ինչպես ցեղասպանությունների, զանգվածային սպանությունների, այնպես էլ տվյալ ազգին կամ պետությանը մտավոր ներուժից զրկելու և վերահսկողության տակ վերցնելու համատեքստում։
Պատմության ընթացքում գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ տարբեր ռասայական, էթնիկ, կրոնական խմբերի ոչնչացման կամ մշակութային ցեղասպանության իրագործման նպատակով դրանց էլիտաները կանխամտածված թիրախավորվել են։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ թեման արժանացել է «ցեղասպանություն » (genocide) եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինի ուշադրությանը. նա մտավորականության և էլիտայի ոչնչացումը դիտարկել է ցեղասպանության իրագործման սոցիալական, ֆիզիկական և մշակութային ասպեկտներով։ Սակայն հետաքրքիրն այն է, որ մտավորականության ոչնչացումը տևական ժամանակ որևէ հատուկ բնորոշում չի ստացել, մինչև որ 1992 թ. կիրառության մեջ է դրվել «eliticide» կամ «elitocide» եզրույթը։
Եվ քանի որ էլիտիցիդի երևույթը համեմատաբար քիչ է ուսումնասիրված, հոդվածում փորձել ենք ներկայացնել և վերլուծել դրա ամենաակնառու օրինակները՝ Հայոց ցեղասպանության ընթացքում հայ մտավորականության և վերնախավի ոչնչացումը, Լեհաստանում նացիստական Գերմանիայի իրագործած էլիտիցիդը, ինչպես նաև Տիբեթում, Կամբոջայում, Բուրունդիում, Բանգլադեշում, Բոսնիայում տեղի ունեցած էլիտիցիդի դեպքերը։
Բանալի բառեր՝ մտավորականություն, վերնախավ, Ռաֆայել Լեմկին, զանգվածային սպանություններ, մտավոր ներուժ, Հայոց ցեղասպանություն, երիտթուրքեր, նացիստական Գերմանիա, Լեհաստան, Տիբեթ, Կամբոջա, Բուրունդի, Բոսնիա, Կարմիր կհմերներ, մտավորականության դեմ ուղղված արշավ, ընտրողական ցեղասպանություն։
Ստացվել է 05.01.2022
Ընդունվել է տպագրության 15.03.2022
Լիլիթ Հր. ՀովհաննիսյանՊատմ. գիտ. թեկն., դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմաբան, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և ԵՊՀ դասախոս։
Գիտական հետաքրքրությունների շրջանակում են Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության ու պատմագրության հիմնահարցերը։
Էլ. հասցեներ՝ lilithovannisian@yahoo.com; lilit.hovhannisyan@isec.am; l_hovhannisyan@ysu.am
Էջ 40-63
Ամփոփում
Վաշինգտոնի Ազգային արխիվում պահպանվող և 1931−1947 թթ. ԱՄՆ կառավարության՝ առանձին հատորներով պաշտոնապես հրատարակած Պետական դեպարտամենտի դիվանագիտական փաստաթղթերը ուշագրավ և կարևոր նյութ են պարունակում Կիլիկիայի վերաբերյալ: Դրանք լույս են սփռում 1919−1920 թթ. Փարիզի խաղաղության միջազգային վեհաժողովում Կիլիկիայի քաղաքական կարգավիճակի, սահմանների, նրա նկատմամբ մանդատ սահմանելու, երկրամասից անգլիական զորքը դուրս բերելու և Կիլիկիան ու Սիրիան ֆրանսիական զորքով օկուպացնելու հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների, վեհաժողովում այդ պետությունները ներկայացնող պատվիրակությունների միջև ընթացած բանակցությունների վրա: Հայաստանի առաջին հանրապետության և արևմտահայերի շահերը ներկայացնող հայկական երկու պատվիրակություններն այդ բանակցություններից ակնկալում էին Հայկական հարցի արդարացի լուծում: Հայաստան աշխարհի հյուսիսարևելյան հատվածում հայկական անկախ պետականության վերականգնման, համաշխարհային պատերազմում Քառյակ միության պարտության պայմաններում Հայկական հարցի արդարացի լուծման հրամայականը ցեղասպանության զոհ դարձած հայ ժողովրդի համար հանգում էր Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծմանը: Սույն հոդվածում ԱՄՆ պետդեպարտամենտի դիվանագիտական փաստաթղթերի քննությամբ լույս է սփռվում հետևյալ խնդիրների վրա. արդյո՞ք իրատեսական էր հայ հասարակական-քաղաքական շրջանակների՝ ապագա Հայաստանի սահմաններում Կիլիկիան ընդգրկված տեսնելու ակնկալիքը և արդյո՞ք Գլխավոր դաշնակից պետությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի համար առաջնային էին կիլիկիահայերի անվտանգության և երկրամասի ինքնավարության կամ անկախության խնդիրները։
Բանալի բառեր՝ Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն, Փարիզի խաղաղության միջազգային վեհաժողով, Տասի խորհուրդ, Չորսի խորհուրդ, մանդատ, Վուդրո Վիլսոն, Սայքս-Պիկոյի համաձայնագիր, Սևրի պայմանագիր, Հայոց ցեղասպանություն։
Ստացվել է 22.02.2022
Ընդունվել է տպագրության 15.04.2022
Ռոբերտ Ա. ԹաթոյանՊատմ. գիտ. թեկն., «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների բաժնի ավագ գիտաշխատող։
Ուսումնասիրությունների ոլորտները՝ Մեծ եղեռնի նախօրյակին արևմտահայության վիճակագրություն և ժողովրդագրություն, արևմտահայ հասարակական, կրթական, մշակութային և կրոնական կյանք։
Էլ. փոստի հասցե՝ r.tatoyan@genocide-museum.am
Էջ 64-83
Ամփոփում
Սույն հրապարակմամբ ներկայացվում է Հայոց ցեղասպանության ընթացքում Դիարբեքիրի նահանգում հայերի և ասորիների բնաջնջման վերաբերյալ բրիտանացի դիվանագետ և հետախույզ մայոր Էդվարդ Վիլյամ Նոյելի տեղեկագիրը։ «Քրիստոնյաների կոտորածները Դիարբեքիրի նահանգում 1915-ին» վերտառությամբ այս փաստաթուղթը պատրաստվել է 1919 թ. ապրիլին Մարդին քաղաքում, որտեղ հեղինակը գտնվել է փաստահավաք առաքելությամբ, ուստի տեղեկագրում ներկայացվող կոտորածի դեպքերի մեծ մասը վերաբերում է նշված բնակավայրին և Մարդինի գավառին։
Նոյելի տեղեկագրին կից՝ որպես հավելված զետեղվել է Կ.Պոլսում Մեծ Բրիտանիայի բարձր հանձնակատար Արթուր Քալթորփի՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար լորդ Ջորջ Քերզոնին ուղղված 1919 թ. հուլիսի 2-ի նամակը, որտեղ նա ներկայացնում է Առաջին աշխարհամարտից առաջ և հետո ըստ ազգությունների` Դիարբեքիրի նահանգի ազգաբնակչության թվաքանակի վերաբերյալ մայոր Նոյելի հաղորդած տվյալները։
Մայոր Նոյելին ուսումնասիրողները բնութագրել են որպես «Քուրդիստանի և քրդերի մեծ գիտակ», «1919-ից առ 1922 թվականը ինչպես Անատոլիայի, այնպես էլ Իրաքի Քուրդիստանում բրիտանական գլխավոր գործակալ», ուստի հայերեն թարգմանությամբ հրապարակվող այս փաստաթղթերը, ինչպես նաև 1919 թ. առաքելությանը վերաբերող այլ նյութերը խիստ ուշագրավ են Արևմտյան Հայաստանի հարավային շրջանների ժողովրդագրության, Հայոց ցեղասպանության ընթացքի, ինչպես նաև Առաջին աշխարհամարտից հետո հայ-քրդական, հայ-թուրքական, թուրք-քրդական փոխհարաբերությունների պատմության ուսումնասիրության եսանկյունից։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Օսմանյան կայսրություն, Դիարբեքիրի նահանգ, Մարդին, Մեծ Բրիտանիա, բրիտանական հետախուզություն, բրիտանական դիվանագիտություն, Հայկական հարց, քրդեր։
Ստացվել է 09.02.2022
Ընդունվել է տպագրության 10.04.2022
Դավիթ Վ. ԳասպարյանԲանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն շրջանի բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
Ուսումնասիրությունների ոլորտները՝ հայ գրականության տեսություն և պատմություն, 20-րդ դարի հայ գրականություն, Եղիշե Չարենց:
Էլ. Փոստի հասցե` grakanagetgasparyan@mail.ru
Էջ 84-96
Ամփոփում
Հայոց ցեղասպանությանը՝ սկսած 1915 թվականից՝ հենց Եղեռնի զոհ գրողներից, մինչև այսօր, հսկայական գեղարվեստական գրականություն է նվիրված: Գեղարվեստական գրականությունն ի սկզբանե պայքարել է ցեղասպանության դեմ՝ նախ և առաջ բացահայտելով դրա բուն էությունը, որը հայրենիքների, քաղաքակրթությունների, լեզուների, ազգությունների, մեծ հաշվով՝ մարդու և ամեն տեսակի մարդկայինի ոչնչացումն է:
Սույն հոդվածում նյութը ներկայացվում է երեք տեսանկյունից՝ նկատի ունենալով՝ ա.խորհրդային առաջին տասնամյակները, բ. Ցեղասպանության հետևանքով հայրենիքից հեռացած և օտարագիր դարձած հայ գրողների վերադարձը իրենց արմատներին, գ. օտար՝ այս դեպքում թուրք գրողի դիրքորոշումը ներսից:
Բանալի բառեր՝ Ցեղասպանություն, Հայաստան, հայոց պատմություն, հայ գրականություն, հայ ժողովուրդ, մարդու ճակատագիր, փաստ, հիշողություն, հեղինակ, Եղիշե Չարենց, Մայքլ Առլեն, Փիթեր Բալաքյան, Քեմալ Յալչըն:
Ստացվել է 02.11.2021
Ընդունվել է տպագրության 10.05.2022
Արծվի Հ. Բախչինյան Բանասիրական գիտ. թեկնածու, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։
Ուսումնասիրությունների ոլորտները՝ հայ գաղթավայրեր և Սփյուռք, մշակույթի պատմություն, հայազգի ականվոր գործիչներ։
Էլ. փոստի հասցե՝ artsvi@yahoo.com
Էջ 97-109
Ամփոփում
Հրապարակումը ներկայացնում է արեւմտահայ հոգեւոր գործիչ, մտաւորական Գիւտ Մխիթարեանի (1877-1940) «Դրուագներ հայկական Գողգոթայէն. 1912-1937» անտիպ յուշագրութիւնից մէկ հատուած՝ «Սահակ կաթողիկոս կրկին ի Հալէպ» գլուխը։ Մխիթարեանը, որ 1903-1919 թթ. աշխատել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսարանում որպէս Սահակ Բ. կաթողիկոսի յաշուակալ-քարտուղար, իր յուշագրութեան մէջ ներկայացրել է Կիլիկիայի Հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայեանի գործունէութիւնը Օսմանեան կայսրութեան իրադարձութիւնների խորապատկերին։
Ներկայացուող հատուածում պատմւում է 1915 թուականի մայիս-յուլիս ամիսներին Սահակ կաթողիկոսի՝ Հալէպ կատարած ուղեւորութիւնը, մէջբերումներ են կատարւում տարբեր անձնաւորութիւնների նրա յղած գրութիւններից, որոնցում նա վկայել է հայ բնակչութեան տարագրութեան եւ կոտորածների մասին։ Յիշատակւում են եղեռնամահ մտաւորականներ, հայերին բռնի իսլամացնելու վերաբերեալ վկայութիւններ։
Բանալի բառեր՝ Գիւտ Մխիթարեան, Կիլիկիոյ կաթողիկոսարան, Մեծ եղեռն, 1915 թուական, եղեռնամահ մտաւորականներ, Սահակ Բ Խապայեան կաթողիկոս, Հալէպ, տարագրութիւն, բռնի իսլամացում։
Ստացվել է 02.03.2022
Ընդունվել է տպագրության 16.05.2022
«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։