Աշուն 2021, համար 2

Ցեղասպանագիտական հանդես

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հարություն Տ. Մարության
Էջ 9-54

Ամփոփում
2015 թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում ընդունված հռչակագրում նշվում է, որ այն պատմական արդարության համար մղվող պայքարը դիտարկում է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով շարունակելու գործը: Այսկերպ մեջտեղ եկած կարգախոսն առաջարկվում էր դիտել որպես հայոց հիշողության քաղաքականության ուղենիշային համառոտ ձևակերպում։ Այս պարագայում առաջ են գալիս հարցեր, որոնք վերաբերում են տվյալ կարգախոսի բաղադրիչներին և կարիք են զգում հստակեցման 21-րդ դարում Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցման համատեքստում։ Մասնավորապես. ո՞ւմ եմ հիշում, ի՞նչ եմ հիշում, ինչպե՞ս եմ հիշում, ի՞նչ եմ պահանջում, ումի՞ց եմ պահանջում, ինչպե՞ս եմ պահանջում։
Հոդվածում առաջարկվում և հիմնավորվում են նշված հարցերի պատասխանները։ Ի մասնավորի, առաջին հարցի պարագայում առաջ է քաշվում Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրածների, նրանց հուշագրությունների մասին տվյալների և վերապրածների ձայնա- և տեսա- ձայնագրությունների էլեկտրոնային շտեմարանների կազմումը։ Հիմնավորվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա անվանման վերաձևակերպման անհրաժեշտությունը։ «Ի՞նչ եմ հիշում» հարցի պատասխանում առաջարկվում է հիշել նաև Հայոց ցեղասպանության տարիների ինքնապաշտպանական մարտերը, հայ և օտար բարերարների հումանիստական օժանդակությունը, հումանիտար դիմադրությունը ցեղասպաններին, ընտանիքի անդամների, հարազատների ու բարեկամների փոխադարձ օգնությունը, բարոյական հաղթանակները, կենդանի մնալու համար մղվող պայքարը։ «Ինչպե՞ս եմ հիշում» հարցի պատասխանում խոսվում է սգալու և արժանապատիվ հիշողության, հիշողության երթերի, հուշարձանների (խաչքարերի) կառուցման, «Հիշողության զբոսայգու» մշակույթի ներդրման, ցեղասպանության հիշողությունը որպես սփյուռքահայ համայնքների ամրապնդման միջոց կիրառելու ձևերի և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման անհրաժեշտության, զոհերի հավաքականությունից անհատ զոհերի առանձնացման ու նրանց նկարներով անցկացվելիք երթերի կազմակերպման, ցեղասպանության դասավանդման մեթոդաբանության ստեղծման անհրաժեշտության և նման այլ խնդիրների մասին։
«Ի՞նչ եմ պահանջում» հարցին անդրադառնալիս խոսվում է առկա Հայոց պահանջատիրության մի շարք դրսևորումների մասին (հողային, իրավական, ֆինանսական, բարոյական), առաջ է քաշվում խնդրի նկատմամբ պետական մոտեցման ձևավորման անհրաժեշտության հարցը։ «Ումի՞ց եմ պահանջում» հարցի դիտարկման ժամանակ ներկայացվում են հանրության մեջ առկա պահանջի հասցեատերերի մասին պատկերացումները (աշխարհից, Թուրքիայից, հայությունից և այլն)։ «Ինչպե՞ս եմ պահանջում» հարցը դիտարկելիս խոսք է գնում այնպիսի կառույցների ստեղծման մասին, որոնց նմանակները (օրինակ՝ յոթ տասնամյակ գործող «Գերմանիային ուղղված հրեական նյութական պահանջների կոնֆերանս»-ը) ժամանակին ձևավորվել են համանման խնդիրներ լուծելու համար ու տասնամյակների ընթացքում հաջող քննություն են բռնել, ունեն մեծ փորձառություն, որի իմացությունն օգտակար կլինի նաև հայոց համար։

Բանալի բառեր՝ կարգախոս, Հայոց ցեղասպանության հիշողություն, հիշողության փոխանցում, զոհեր, վերապրածներ, դիմադրողներ, ինքնապաշտպանություն, Հոլոքոստ, շտեմարան, փրկություն։

Ստացվել է 22.09.2021
Ընդունվել է տպագրության 16.11.2021

https://doi.org/10.51442/jgs.0020

Սուրեն Ա. Մանուկյան
Էջ 55-75

Ամփոփում
Հոդվածն ուսումնասիրում է ցեղասպանագիտության` որպես գիտակարգի մեջ առաջացած բանավեճերը և քննարկումները՝ մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության բնորոշման, սահմանման ընդլայնման, զանգվածային այլ սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ: Հոդվածի քննության առանցքային կետը ցեղասպանագիտության մեջ դասական համարվող Կաց – Չառնի բանավեճի ներկայացումն է: Բերվում են նաև ցեղասպանագիտությունը տեսականացնող մի շարք գիտնականների` ցեղասպանության դասակարգումները, որոնք շատ հաճախ հանգեցնում են գիտական նոր տերմինների առաջացմանը:

Բանալի բառեր՝ ցեղասպանություն, տոտալ և մասնակի ցեղասպանություններ, Կաց – Չառնի բանավեճ, Հոլոքոստ, Վահագն Դադրյան, պոլիտիցիդ, գենդերցիդ, էլիտիցիդ, էթնոցիդ:

Ստացվել է 03.09.2021
Ընդունվել է տպագրության 15.12.2021

https://doi.org/10.51442/jgs.0021

Աննա Մ. Օհանջանյան
Էջ 76-92

Ամփոփում
Գևորգ Հալաջյանի (Թափառականի) օրագրություն-հուշագրությունը լույս է տեսել ԱՄՆ-ում դեռևս 1932 թվականին, սակայն այդպես էլ չի արժանացել համապատասխան գիտական ուսումնասիրության և համակարգման։ Խիստ ծավալուն այս աշխատանքն անգերագնահատելի սկզբնաղբյուր է 1924-1928 թթ. Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում թրքացած և ուծացող հայերի վերաբերյալ։ Հանրապետական Թուրքիայի Անկախության ատյանի առջև կանգնելու պարտադրանքով Հալաջյանը ճամփորդում է Ադանա, Դիարբեքիր, Խարբերդ, Մալաթիա, բանտարկվում Սեբաստիայում, ավելի ուշ բանտից փախչում Բուլղարիա, ապա՝ Ամերիկա։
Սույն հոդվածում Հալաջյանի օրագրության հիման վրա փորձելու ենք վերլուծել Հայոց Ցեղասպանության ժամանակ թրքացած հայերի, «թրքացած» և ապա՝ սրբազանացված եկեղեցիների և մատուռների վերաբերյալ նրա թողած տվյալները, թրքացման դեպքերը, ձևերն ու մեխանիզմները՝ համեմատական անցկացնելով ավելի վաղ դարերում՝ Օսմանյան շրջանում կիրառվող իսլամացման ձևերի, մեխանիզմների և այդ գործընթացն առաջ մղող դերակատարների հետ՝ վեր հանելու համար ոչ միայն նմանությունները, այլև հայեցակարգի փոխարինման արդյունքում առաջ եկած տարբերությունները։

Բանալի բառեր՝ թրքացման մեխանիզմներ, մահմեդականացում, կրոնափոխություն, շեյխ Սայիդի ապստամբություն, Անկախության ատյան:

Ստացվել է 02.09.2021
Ընդունվել է տպագրության 16.11.2021

https://doi.org/10.51442/jgs.0022

Միհրան Ա. Մինասեան
Էջ 93-126

Ամփոփում
Յօդուածը բաժնուած է երկու մասի. առաջինը կը խօսի 1919 թ. Փարիզի հաշտութեան վեհաժողովին ներկայացնելու նպատակով Հալէպի հայրենակցական միութիւններուն կամ խմբակցութիւններուն պատրաստած Ամբաստանագիր-Տեղեկագրերուն ստեղծման մասին, որոնցմէ իւրաքանչիւրը շրջանի մը հայոց կոտորածին ամփոփ պատմութիւնն է: Ընդհանուր գիծերով տրուած է անոնց փօշափած նիւթերուն ցանկը եւ առանձին-առանձին խօսուած է իւրաքանչիւր տեղեկագրի մասին: Հետաքրքրական է, որ տեղեկագրերուն մէջ մեծ բաժին յատկացուած է իւրաքանչիւր շրջանի թուրք ոճրագործներու անուանացանկերուն եւ հայոց կրած նիւթական կորուստներուն:
Յօդուածին երկրորդ մասով հրատարակութեան տրուած է յիշեալ տեղեկագրերէն Սասուն գաւառի տեղեկագիրը, ուր կան աշխարհագրական ընդհանուր տեղեկութիւններ եւ կարեւոր մանրամասնութիւններ Սասնոյ հայոց ընկերային կեանքին մասին՝ Իշխանաց եւ Ծերոց ժողովներ, հայ-քիւրտ յարաբերութիւններ, Սասնոյ հայութեան վիճակը 1894-96 եւ 1914-16 թուականներուն եւ ամփոփ ցուցակ մը ջարդարարներու: Տեղեկագրին երկրորդ մասով տրուած են Սասնոյ վեց գաւառակներու՝ Տալւորիկի, Բուսանքի, Հաթնի-Մարաթուկի, Կուսգետի, Բռնաշէն-Խութի եւ Խիանքի գիւղացուցակներն ու մարդահամարները, ուր յիշուած են 203 գիւղեր, իւրաքանչիւրը իր հայ բնակչութեան տուներու եւ անձերու թիւերով:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանութիւն, Հալէպ, Միջ-Գաւառային հայրենակցական միութիւն, Արամ Անտոնեան, փրոֆ. Հայկազուն Արամեան, Կարապետ Գաբիկեան, Հայոց ցեղասպանութեան Տեղեկագիր-Ամբաստանագրեր, Արեւմտեան Հայաստան, Կիլիկիա, Փոքր Ասիա, Սասնոյ գաւառակ, Վերսայի հաշտութեան վեհաժողով:

Ստացվել է 16.04.2021
Ընդունվել է տպագրության 15.09.2021

https://doi.org/10.51442/jgs.0023

Արմեն Շ. Սարգսյան
Էջ 127-137

Ամփոփում
Սկսած 19-րդ դարավերջից՝ Հայոց ցեղասպանության հիշողության փոխանցումն արտացոլվել է ոչ միայն հայ ժողովրդական վիպական և քնարական բանահյուսության մի շարք տեսակներում, այլև տարաբնույթ հուշագրություններում, որոնցից մեկն էլ ժողովրդական տոմարային արտացոլումներն են։ Վերջինիս դեպքում ուղիղ կամ միջնորդավորված անձն է իբրև փաստ ներկայացնում ցեղասպանությունն իրագործողի վայրագությունները։
Ցեղասպանական իրողությունների հիշողության փոխանցման տոմարային արտացոլումներն իրագործվում են բանավոր հարցումների՝ տրամախոսության միջոցով։ ժողովրդական ասույթաբանությամբ արտահայտված երկխոսական- հարցուպատասխանական նմանատիպ կառույցները թեմատիկ տարատեսակ դրսևորումներով են հանդես գալիս՝
ա. ծննդյան տարեթվերի տոմարային նկարագրությամբ,
բ. ամուսնության տոմարային ժամանակի փաստարկմամբ,
գ. ցեղասպանության ժամանակ ականատեսի տարիքի վերաբերյալ հարցմամբ և գաղթ-
աքսորի արտացոլմամբ,
դ. ինքնապաշտպանական հերոսամարտի մատնանշմամբ,
ե. ազգային-ազատագրական շարժման հերոսներին առնչվող դրվագների պատ-կերմամբ։
Ժողովրդական տոմարի նման արտացոլանքները հիշողության ինքնատիպ և խոսուն պատառիկներ են։ Դրանք մատուցվում են որպես ականատեսների, նրանց ժառանգների կամ այլ անձանց կողմից ներկայացվող իրողություններ, որոնք ևս առանձնանում են Հայոց ցեղասպանությունը հավաստող պատմավավերագրական նյութի մատուցման յուրահատկությամբ:

Բանալի բառեր՝ ժողովրդական տոմար, հուշագրություն, ժողովրդական ասույթաբանություն, ծննդյան տարեթվեր, ցեղասպանական վկայագրեր, գաղթ-աքսոր, ինքնապաշտպանական հերոսամարտեր։

Ստացվել է 10.09.2021
Ընդունվել է տպագրության 25.11.2021

https://doi.org/10.51442/jgs.0024

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստան Ա. Մարտիրոսյան
Էջ 138-142

https://doi.org/10.51442/jgs.0025

Creative Commons License

«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։

[uptolike]
Theme: Overlay by Kaira