ՀՑԹԻ Հրապարակումներ

Գարուն 2018, հատոր 1

Ցեղասպանագիտական հանդես

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Շուշան Խաչատրյան
Էջ 9-43

Ամփոփում
Երիտթուրքերի ձեռքին կրոնը կարող գործիք դարձավ՝ ոտքի հանելու օսմանյան իսլամադավան խավին: Վերջինիս կոչ արեցին մասնակցել «անհավատ»-քրիստոնյաների դեմ ուղղված սրբազան պարտականության կատարմանը՝ ջիհադին կամ սրբազան պատերազմին: Այդ նպատակով գործադրվեցին կրոնական քարոզչության լծակներ՝ սրբազան պատերազմի, իսլամը «անհավատներից» պաշտպանելու հրատապության կոչեր, հրովարտակներ, թռուցիկներ ու պարսավագրեր՝ մշակված ու հրապարակված օսմանյան աշխարհիկ ու հոգևոր վերնախավի կողմից: Կիրառվեցին հատուկ կրոնական եզրաբանություն ու ենթատեքստ, որի պատճառով անթաքույց քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի, կոտորածներին մասնակցություն ունեցան կրոնասոցիալական բոլոր խավերը՝ և՛ մուսուլման հոգևորականները, և՛ զինուժը, և՛ ունևորները, և՛ շարքային քաղաքացիները:
Բանալի բառեր՝ ջիհադ, սրբազան պատերազմ, սուլթան, շեյխ ուլ-իսլամ, ֆեթվա, պամֆլետ-պարսավագիր, կոչեր, թռուցիկ, անհավատ-գյավուրներ:

Ստացվել է` 20.01.2018
Հրատարակվել է՝ 18.05.2018

Ռոբերտ Սուքիասյան
Էջ 44-60

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում են 1915 թ. Սեբաստիա նահանգի տեղահանության ճանապարհին տեղակայված կայաններից մեկում՝ Քյոթու խանում, տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես կոտորածն ու թալանը։ Ուսումնասիրությունը կատարվել է հայկական արխիվներում, տպագիր մամուլում, առանձին գրքերում, հավաքածուներում տեղ գտած ականատես-վերապրողների վկայությունների, երիտթուրքական դատավարությունների համատեքստում ի հայտ եկած փաստաթղթերի, ինչպես նաև թեմային նվիրված ուսումնասիրությունների համեմատական քննության հիման վրա։ Հոդվածում քննարկվող նյութը ցույց է տալիս, որ «Ապահովագրական հանձնաժողով» անվանումը կրող խմբի կողմից կայանում իրականացված բռնությունները, կոտորածն ու թալանն իշխանությունների կողմից նախապես ծրագրված, համակարգված և իրենց բնույթով ոչ եզակի դեպքեր էին։ Հատուկ ուշադրություն է դարձվել կայանի դեպքերին առնչություն ունեցած օտար ականատեսի, զոհ և ոճրագործ խմբերի միջև եղած կապերին ու դրանց փոխազդեցություններին։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Սեբաստիա, Քյոթու խան, տեղահանություն, կոտորած, թալան, Ապահովագրական հանձնաժողով, գավառ, վեց վիլայեթներ, օտար ականատես։

Ստացվել է` 22.01.2018
Հրատարակվել է՝ 18.05.2018

Միհրան Մինասեան
Էջ 61-70

Ամփոփում
Այս յօդուածով հրատարակութեան տրուած են ծանօթ գրող, խմբագիր, պատմաբան, կրթական եւ մշակութային գործիչ Արամ Անտոնեանի (Կ.Պոլիս, 1879 – Բարիզ, 1951) անտիպ վկայութիւնը Կեսարիոյ մօտակայ Էվէրէկ քաղաքի կառավարիչ Սալէհ Զէքի պէյի՝ Էվէրէկի մէջ կատարած ոճիրներուն մասին։ Զէքի պէյ Էվէրէկէն ետք նշանակուած է Տէր Զօրի գաւառապետ ու դարձած սուրիական անապատ աքսորուած բազմահազար հայերու գլխաւոր դահիճը։
Յօդուածի սկիզբի բաժինով վկայութիւնը հրատարակողը խօսած է այն մասին թէ ինչպէս հակառակ Էվէրէկի մէջ գործած ոճիրներուն, եւ հակառակ իր դէմ Կ.Պոլսոյ Հայոց պատրիարքարանի բողոքներուն, Զէքի պէյի նշանակուած է կառավարիչ Տէր Զօրի նման կարեւուր վայրի մը որ հաւաքավայրը դարձած էր կայսրութեան զանազան շրջաններէն աքսորուած հարիւր հազարաւոր հայերու։ Այդ նշանակումը պատահական չի թուիր, այլ լաւապէս մտածուած ու ծրագրուած որոշում մըն էր, որովհետեւ նոյն ձեւով նախապէս պաշտօնանկ եղած էին նաեւ Հալէպի զոյգ նահանգապետերը որոնք մերժած էին ուղղակիօրէն մասնակցիլ հայոց կոտորածներուն եւ փոխարինուած էին Բաղէշի հայերը կոտորած Մուսթաֆա Ապտուլ Հալիգ պէյով (Րէնտա)։ Զէքի եւս, կոտորածները սկսելէ առաջ, շրջանի կարեւոր պաշտօններուն նշանակած էր իրեն համախոհներ որոնք լաւագոյնս գործակցած էին իրեն հայոց կոտորածներու ժամանակ։
Հրատարակուող փաստաթուղթին կցուած են նաեւ համապատասխան ծանօթագրութիւններ։
Բանալի բառեր՝ Արամ Անտոնեան, Սալէհ Զէքի Պեյ, Մուսթաֆա Ապտուլ Հալիգ պէյը (Րէնտա), Էվէրէկ, Տէր Զօր, հայկական կոտորածներ, հայոց տեղահանութիւններ։

Ստացվել է` 19.01.2018
Հրատարակվել է՝ 18.05.2018

Սեդա Պարսամյան
Էջ 71-104

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է 1915-1918 թվականներին հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման երիտթուրքական քաղաքականությունը՝ որպես ցեղասպանական ծրագրի բաղկացուցիչ մաս՝ հետևյալ դիտարկումներով.
ա) Ցույց է տրվում մինչև ցեղասպանությունը հայկական ազգապատկան կալվածքների հետագա յուրացմանն ուղղված մեխանիզմների մշակումը կառավարության կողմից: Նման կանխամտածված քայլ ենք դիտարկել օրինակ հայկական եկեղեցական կալվածքներն անժառանգ ճանաչելուն ուղղված երիտթուրքական հետևողական քաղաքականությունը:
բ) Ներկայացված են ցեղասպանության ընթացքում հայերի մասնավոր և ազգային ունեցվածքի յուրացմանը միտված կառավարության որոշումները, ապա և դրանց հետևողական գործադրումը:
գ) Ուսումնասիրված է հայկական մշակութային արժեքների յուրացման և ոչնչացման գործում հասարակության լայն զանգվածների ներգրավվածության ու գործառույթների հարցը:
Բանալի բառեր՝ մշակութային արժեք, ազգային հարստություն, երիտթուրքական կառավարություն, կառավարական որոշումներ, ոչնչացում, բռնագրավում, յուրացում, պետական քաղաքականություն, ցեղասպանություն, դիտավորություն:

Ստացվել է` 22.01.2018
Հրատարակվել է՝ 18.05.2018

Հարություն Մարության
Էջ 105-129

Ամփոփում
Ապրիլի 24-ը սոսկ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր չէ։ Այդ օրը հայ ժողովրդի ինքնության այն կարևորագույն ու եզակի տարրերից է, որն անտեսանելի թելերով միավորում է բոլոր հայերին։ Հիշատակի օրվա ձևավորումն անցել է քաղաքական բազմաթիվ զարգացումների միջով, և անգամ հարյուր տարի անց օրվա խորհուրդի նրբությունները շարունակվում են քննարկվել հանրության լայն շերտերի մեջ և մասնագիտական շրջանակներում։ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նշումը մեկօրյա իրադարձության մեջ ցեղասպանության հիշողության՝ հասարակության մեջ տվյալ պահին առկա վիճակի մարմնավորումն է, այսինքն՝ այդ օրվա վիճակով առկա իրողությունների ու պատկերացումների, տարվող քաղաքականության ու քարոզչության հանրագումարը։ Միևնույն ժամանակ ցեղասպանության զոհերի հիշատակի նշումը չի սահմանափակվել ու չի պայմանավորվել միայն մեկ օրվա նշելու կամ չնշելու փաստով. Մեծ եղեռնի հիշողությունը տարաբնույթ ձևերով գոյատևել է վերապրողների ու նրանց ժառանգների, պարզապես այդ մասին իմացողների հոգիներում, դրսևորվել խոսք ու զրույցում, վարվելակերպում, պահվածքում, գործողություններում նրանց կյանքի ողջ ընթացքում։ Այսինքն՝ հիշատակի օրվա խորհրդին անդրադառնալը նշանակում է ցեղասպանության հիշողության դրսևորումների ողջ սպեկտրի (հաշվի առնելով թեմայի և հոդվածի ծավալները՝ միայն որոշակի շեշտադրումներով) վերլուծության իրականացում։ Քանի որ հարցը խիստ տարողունակ է, հոդվածում անդրադարձ է արվում խնդրո առարկա հարցերի միայն մեկ մասին, որոնք, սակայն, մեր համոզմամբ բնութագրական են խնդիրը լուսաբանելու համար։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սուգ, սգահանդես։

Ստացվել է` 24.01.2018
Հրատարակվել է՝ 18.05.2018

Էդիտա Գզոյան
Էջ 130-142

Ամփոփում
Պատմության ընթացքում զինված բախումները մշտապես ուղեկցվել են սեռական բռնություններով: Սակայն, չնայած լայնամասշտաբ կիրառմանը, սեռական բռնությունները միայն վերջերս են համապատասխան ուշադրության արժանացել միջազգային քրեական իրավունքի կողմից և ճանաչվել որպես պատերազմի գործիք:
1990-ականներին միջազգային քրեական դատարանների ստեղծումը մեծապես նպաստեց սեռական բռնությունների քրեականացմանը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և ցեղասպանությունների համատեքստում: Անդրադառնալով սեռական բռնությունների քրեականացման պատմությանը՝ այս հոդվածը ներկայացնում է բռնի ամուսնություններ հասկացությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը միջազգային քրեական իրավունքի թատերաբեմում հայտնվեց Սիեռա Լեոնեի քաղաքացիական պատերազմից հետո, չնայած դրա վերաբերյալ բազմաթիվ վկայություններ կան նաև Հայոց ցեղասպանության տարիներից:
Բանալի բառեր՝ սեռական բռնություններ, բռնի ամուսնություններ, միջազգային քրեական իրավունք, միջազգային քրեական դատարաններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ցեղասպանություն, Նյուրնբերգի և Տոկիոյի դատարանները, նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական դատարան, Ռուանդայի գործով միջազգային դատարան, Սիեռա Լեոնեյի գործով հատուկ դատարան:

Ստացվել է` 22.01.2018
Հրատարակվել է՝ 18.05.2018

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Արևիկ Ավետիսյան
Էջ 143-149

Ստացվել է` 22.01.2018
Հրատարակվել է՝ 18.05.2018

Theme: Overlay by Kaira