ՀՑԹԻ Հրապարակումներ

Աշուն 2019, հատոր 2

Ցեղասպանագիտական հանդես

Ռեգինա Ա. Գալուստյան
Էջ 9-32

Ամփոփում
«Միություն և առաջադիմություն» կոմիտեի գործունեությունը և հեղափոխական շարժումը ուսումնասիրության նյութ են դարձել խորհրդային, թուրք, արևմտյան և հայ հետազոտողների կողմից. կազմակերպությանը տրված բնութագրումները մեկ ծայրահեղությունից անցնում են մյուսին: Խորհրդային և խորհրդահայ պատմագրության մեջ կոմիտեն ներկայացվում է որպես թուրքական ազգայնականության, ազգային որևէ ինքնություն չունեցող, միևնույն ժամանակ «շովինիստական» կազմակերպություն, հակաիմպերիալիստական, բուրժուազիայի և հողատերերի շահերը ներկայացնող մի ուժ, որին գործողության է մղել 1905 թ. ռուսական հեղափոխությունը: Արևմտյան գրականության մեջ կոմիտեն համարվում է լիբերալ, Օսմանյան կայսրության իրականության մեջ` եվրոպական ազատական գաղափարներից առաջինն ազդված (երբեմն` գերազդված) հեղափոխական կոմիտե:
Հոդվածի նպատակն է ներկայացնել կոմիտեի գաղափարախոսության ձևավորումը և զարգացումները 1889-1908 թթ.: Խնդիրը դյուրին դարձնելու նպատակով կոմիտեի գործունեությունը բաժանվում է 1902 թվականի Օսմանյան լիբերալների առաջին կոնգրեսով, որն ընդունվում է որպես բաժանարար գիծ կոմիտեի հին կառուցվածքի և նորի միջև: Քննության են առնված «Միություն և առաջադիմություն» կոմիտեի գաղափարական առանձին տարրեր՝ ազգայնականության հատուկ շեշտադրմամբ:
Բանալի բառեր՝ «Միություն և առաջադիմություն» կոմիտե, հեղափոխություն, ազգայնականություն, իսլամ, ռասա, թուրքիզմ:

Ստացվել է 15.08.2019
Ընդունվել տպագրության՝ 27.11.2019

Էլինա Զ. Միրզոյան
Էջ 33-44

Ամփոփում
Հոդվածում ներկայացված է Կ.Պոլսի երիտթուրքական առաջին ռուսալեզու պարբերականի՝ «Ստամբուլյան լուրեր»-ի համառոտ պատմությունը (1909-1910 թթ.) և դրանում երիտթուրքական ազգայնական հայացքների անդրադարձը : Թերթը տարածվում էր Օսմանյան կայսրությունում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Արևմտյան Եվրոպայի երկրներում: Խմբագրակազմի անդամ էին անվանի թուրք քաղաքագետներ և հասարակական գործիչներ, ռուս և կովկասյան մտավորականության անվանի ներկայացուցիչներ՝ Ջելալ էդ դին Քորքմազովի խմբագրապետությամբ: Թերթը նաև ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման, հեղափոխական փորձի փոխանակման և ազգայնական հայացքների տարածման փորձ էր: Թեև այն նախատեսված էր ծառայելու ռուսական իշխանությանը, սակայն շուտով վերածվում է երիտթուրքական գաղափարների տարածման և քարոզչության գործիքի:
Բանալի բառեր՝ «Ստամբուլյան լուրեր», երիտթուրքական մամուլ, Ահմեդ Ջեվադ, Ջելալ էդ դին Քորքմազով, ռուս-թուրքական հարաբերություններ:

Ստացվել է 15.09.2019
Ընդունվել է տպագրության 12.12.2019

Ռոբերտ Ա. Թաթոյան
Էջ 45-57

Ամփոփում
Վերջին տարիներին հետզհետե ավելի է աճում Հայոց ցեղասպանության ժամանակ առանձին շրջանների, անգամ բնակավայրերի հայ բնակչության բնաջնջման պատմության նկատմամբ հետաքրքրությունը: Նշված ուղղությամբ ուսումնասիրությունները թույլ են տալիս առավել լիարժեք բացահայտել Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմները, դրան մասնակցած տարբեր կառույցների և խմբերի՝ բանակ, տեղական իշխանություններ, մուսուլման բնակչության տարբեր խմբեր (թուրքեր, քրդեր, չերքեզներ) դերակատարությունը, այդ խմբերի միջև գործառույթների բաշխումը, հայերի՝ մահվանից խուսափելու նպատակով գործադրված ջանքերը և այլն:
Փրխուսի բնաջնջման պատմության ուսումնասիրությունը կարող է հետաքրքրություն ներկայացնել նաև հատկապես հետևյալ երկու պատճառներով. այն Խլաթի գավառակի ամենախոշոր հայաբնակ բնակավայրն էր, և այդ բնակավայրի ոչնչացումն իրականացվել է նույն կաղապարով, ինչ Խլաթի գավառակի այլ հայկական գյուղերի դեմ գործողությունները, այսինքն, Փրխուսի օրինակով մենք կարող ենք պատկերացում կազմել գավառակի բոլոր հայկական գյուղերի եղեռնի մասին:
Փրխուսի բնաջնջման պատմության ուսումնասիրության համար որպես առաջնային սկզբնաղբյուր ծառայել են փրխուսցի վերապրածների վկայությունները և դրանցից հատկապես՝ Սոկրատ Մկրտչյանի հուշագրությունը (պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում):
Բանալի բառեր` Հայոց ցեղասպանություն, Փրխուս, Խլաթ, Բիթլիս, փախստականներ, որբեր:

Ստացվել է 10.09.2019
Ընդունվել է տպագրության 23.11.2019

Թեհմինե Ռ. Մարտոյան
Էջ 58-82

Ամփոփում
Հոդվածի շրջանակում կատարված հետազոտության նպատակն Իրանի Խոյ ու Սալմաստ բնակավայրերում հայերի բնաջնջման քաղաքականության նորովի գնահատման ու հակասական իրավիճակների բացահայտման փորձն է։
Հայ ականատես-վերապրածների, ինչպես նաև օտար ականատեսների վկայությունների վերլուծության հիման վրա փորձ է արված վերականգնել Խոյի ու Սալմաստի հայերի բնաջնջման ընդհանուր գործընթացը. այն կարելի է բնութագրել իբրև կանխամտածված գործողություն օսմանյան պետության սահմաններից դուրս։
Խոյի ու Սալմաստի հայերի բնաջնջման պատասխանատվությունը կրում է Օսմանյան կայսրությունը, որն իր բանակի, նաև քրդական զինուժի միջոցով, ինչպես և իրանական պետության թողտվության պայմաններում ծրագրեց ու ավարտին հասցրեց ցեղասպանական գործողությունը։
Թեմայի ուսումնասիրությունն ու եզրահանգումները փորձ են նաև հերքելու թուրքական ժխտողական պատմագրության շահարկող վարկածներից մեկը, թե իբր հայերի տեղահանությունը պայմանավորված էր առաջին հերթին պատերազմական իրադրությամբ և նպատակ էր հետապնդում պաշտպանելու ռազմական գոտիների բնակչության անվտանգությունը:
Բանալի բառեր՝ Առաջին աշխարհամարտ, Խոյ, Սալմաստ, հայերի կոտորածներ, Հայոց ցեղասպանություն:

Ստացվել է 29.08.2019
Ընդունվել է տպագրության 23.10.2019

Ինեսա Գ. Ստեփանյան
Էջ 83-106

Ամփոփում
Հոդվածում փորձ է արվում վերլուծել «Թեշքիլաթը մահսուսա», «ԷսԷս» և «Պանչասիլայի երիտասարդություն» կազմակերպությունների գործելակերպը համապատասխանաբար Հայոց ցեղասպանության, Հրեից Հոլոքոսթի և Ինդոնեզիայում 1965-66 թթ. տեղի ունեցած դեպքերի ժամանակ: Ներկայացվում է կազմակերպություններից յուրաքանչյուրի ստեղծման պատմությունը, կառուցվածքը, անդրադարձ է կատարվում դրանց ձևավորման հանգամանքներին և նպատակներին, կառույցների որդեգրած գաղափարախոսությանը, մինչև ցեղասպանություններն ու զանգվածային սպանությունները իրականացրած գործունեությանը: Ապա վերլուծվում են բուն գործողությունները և համեմատության մեջ են դրվում նշված կազմակերպությունների գործադրած մեթոդները:
Հետազոտությունը մատնանշում է նշված կառույցների դերակատարությունը կոտորածների իրականացման գործընթացում: Գաղտնի կառույցների առկայությունն արդեն իսկ փաստում է կանխամտածվածության մասին, բայցևայնպես դրանց համեմատությունը հնարավորություն է տալիս ընդգծել կազմակերպություններից յուրաքանչյուրի ստեղծման հիմնական նպատակը:
Բանալի բառեր` Հայոց ցեղասպանություն, Հրեից հոլոքոստ, ինդոնեզական կոմունիստների զանգվածային սպանություն, «Թեշքիլաթը մահսուսա», գերմանական «ԷսԷս», «Պանչասիլայի երիտասարդություն», կուսակցական համակարգ, գաղափարախոսություն, մինչցեղասպանական գործունեություն, բանակ:

Ստացվել է 26.08.2019
Ընդունվել է տպագրության 27.11.2019

Արամ Ռ. Միրզոյան
Էջ 107-117

Ստացվել է 30.08.2019
Ընդունվել է տպագրության 26.11.2019

Էջ 118-121

Theme: Overlay by Kaira