ՀՑԹԻ Հրապարակումներ

Աշուն 2018, հատոր 2

Ցեղասպանագիտական հանդես

Նարինե Ս. Հակոբյան
Էջ 9-23

Ամփոփում
Հոդվածը նվիրված է 1895-1896 թթ. hամիդյան կոտորածների ժամանակ Կիլիկիայի շրջանում Օսմանյան կայսրության վարած հակահայկական քաղաքականությանը: Չնայած խնդրո առարկա հիմնահարցի վերաբերյալ ժամանակակից հայաստանյան պատմագրությունը հակված է այն տեսակետին, որ Կիլիկիան զերծ է մնացել համիդյան սարսափներից, սակայն այդ դեպքերի մանրազնին հետազոտությունն այլ բան է վկայում: Սույն աշխատանքում հարցը քննարկվում է` հիմնվելով երկու կարևոր սկզբունքի վրա: Նախ՝ պատմական «Կիլիկիա » հասկացությունն ընդգրկում է ոչ միայն օսմանյան Ադանայի վիլայեթը, այլ նաև Հալեպի վիլայեթի որոշ շրջաններ: Երկրորդ՝ թուրքերի հակահայկական քաղաքականությունը դիտարկվում է ինչպես բովանդակության, այնպես էլ ձևի առումով: Հիմնվելով տարբեր սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա` քննության են առնվում այդ տարիներին կիլիկիահայության դեմ ուղղված հալածանքները, մասնավորապես դրանց կազմակերպման, իրականացման, ինչպես նաև պետությունների ներգրավվածության հարցերը: Սկզբնաղբյուրների մանրամասն և ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ 1895 թ. հոկտեմբերից մինչև 1896 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում թուրքական իշխանություններն Ադանայի վիլայեթում կողոպուտ և սպանություններ են իրականացրել Հաճընի շրջակա հայկական գյուղերում: Ավելին, դրանք ավելի մեծ ուժգնությամբ են դրսևորվել Հալեպի վիլայեթում` Այնթապում, Մարաշում ու դրանց շրջակա գյուղերում: Կոտորածներին ակտիվորեն մասնակցել են տեղական իշխանությունների, կանոնավոր բանակի, ոստիկանական ուժերի ներկայացուցիչները, մուսուլման մոլեռանդ հոգևորականները, բանտերից ազատ արձակված հանցագործները, տեղացի մուսուլմաններից բաղկացած անկանոն ջոկատները և անգամ հարկահավաքները: Տեղի են ունեցել նաև բռնի իսլամացման դեպքեր:
Կիլիկիայում հակահայկական քաղաքականության դրսևորումների բազմաթիվ օրինակների քննարկումը որոշ մտահոգությունների տեղիք է տալիս այդ դեպքերի վերաբերյալ ավանդական մեկնաբանությունների հետ կապված: Այս հոդվածը փաստում է, որ չնայած Ադանա քաղաքում և որոշ շրջաններում հակահայկական քաղաքականության համեմատաբար մեղմ դրսևորումներին՝ Կիլիկիայում համիդյան քաղաքականությունը ինչպես հետապնդած նպատակներով, այնպես էլ իրագործման մեթոդներով նույնական էր 1895-1896 թթ. ամբողջ Օսմանյան կայսրությունում տարվող հակահայկական քաղաքականությանը:
Բանալի բառեր՝ Արևմտյան Հայաստան, համիդյան կոտորածներ, Կիլիկիա, Ադանայի նահանգ, Հալեպի նահանգ, իսլամացում:

Ստացվել է` 22.07.2018
Հրատարակվել է՝ 18.11.2018

Սուրեն Ա. Մանուկյան
Էջ 24-52

Ամփոփում
Հոդվածում քննության են առնվում քրդական համիդիե հեծելազորի ստեղծման խնդիրը, նաև 1894-96 թթ. հայկական կոտորածներին քրդերի մասնակցության ձևերը, չափերը և պատճառները՝ օգտագործելով քրեագիտության և սոցիալական հոգեբանության մեջ կիրառվող «համախմբման, միասնության տեսությունները»: Ընդունված է քրդերին համարել հայ բնակչության դեմ օգտագործվող կույր գործիք Օսմանյան կայսրության ձեռքում: Սա լայնորեն տարածված կարծիք է ոչ միայն հայ պատմագրության, այլև ընդհանրապես ցեղասպանագիտության մեջ: Իհարկե, այն հիմնավոր է, սակայն չի կարող լինել կոտորածին քրդերի լայնածավալ մասնակցության միակ բացատրությունը: Զանգվածային սպանություններին քրդերի ներգրավմամբ Օսմանյան կայսրությունը լուծում էր ևս մեկ, թերևս ոչ պակաս կարևոր խնդիր: Քրդերին դարձնելով հանցակից, ներառելով նրանց Արևմտյան Հայաստանի հայերին էթնիկ զտման ենթարկելու թուրքերի նախագծի մեջ` Բարձր դուռը մշտապես անհնազանդ և անհանգիստ քրդերին ամուր կապում էր կայսրության քաղաքականության և ճակատագրի հետ:
Բանալի բառեր՝ 1894-96 թթ. հայկական կոտորածներ, քրդեր, համիդիե, հանցակցություն, Հայոց ցեղասպանություն:

Ստացվել է` 17.07.2018
Հրատարակվել է՝ 18.11.2018

Ռոբերտ Ա. Սուքիասյան
Էջ 53-68

Ամփոփում
Հայոց ցեղասպանության իրագործման հիմնական բաղադրիչներից մեկի՝ բռնի տեղահանությունների միջոցով հայ բնակչությունն արմատախիլ արվեց սեփական բնաշխարհից և ոչնչացվեց սիրիական անապատների ճանապարհին։ Այս ճանապարհի երկայնքով Թեշքիլաթը մահսուսե-ի կողմից կազմակերպվել էին հստակ և առանձին գործառույթներ իրար մեջ բաժանած անցումային կայաններ, որտեղ իրականացվում էին նախապես մշակված գործողություններ՝ թալան, տարատեսակ բռնություններ և ոչնչացում։
Հոդվածում քննարկվում են այդ կայաններից մեկում՝ Հասան Չելեբիում տեղի ունեցած գործողությունները՝ հայկական քարավանների թալանը և ոչնչացման գործընթացը` հիմնվելով գլխավորապես հայկական արխիվային, գրքային, մամուլի, հուշերի հավաքածուների, գիտական ամսագրերի ու հետազոտությունների տեղեկությունների և գիտական արդյունքների վրա, որոնց տրամադրած տվյալները համադրվել են օտար ականատեսների և օսմանյան փաստաթղթերի հաղորդած տվյալների հետ։
Հոդվածում ներկայացվել են Հասան Չելեբի կայանում տեղի ունեցած հիմնական գործողությունների ուրվագիծը, դրանց հաջորդականությունը։ Այդ գործողությունները պայմանականորեն բաժանվել են երեք համակարգված փուլերի. թալան և կանանց նկատմամբ բռնություններ, տղամարդկանց հայտնաբերում և ձերբակալում, տղամարդկանց բանտարկություն և սպանդ։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, վեց վիլայեթներ, Սեբաստիա, Խարբերդ, Հասան Չելեբի, տեղահանություն, տղամարդկանց կոտորած, թալան, օտար ականատես։

Ստացվել է` 23.07.2018
Հրատարակվել է՝ 18.11.2018

Ինեսա Գ. Ստեփանյան
Էջ 69-87

Ամփոփում
Հոդվածում Հայոց ցեղասպանության և Հրեից հոլոքոստի համեմատության շրջանակներում ներկայացվում են երկու ցեղասպանությունների իրագործման մեխանիզմները: Առանձին- առանձին ներկայացվում են ցեղասպանական ծրագրում ներգրավված բոլոր խմբերը: Առաջինը հասարակությունն է, որի ներգրավվածությունը ցեղասպանության իրականացմանը հնարավորություն էր տալիս իշխանություններին` խնայելու սեփական ուժերը և ցեղասպանական գործողությունները քողարկելու ժողովուրդների բախումների անվան ներքո: Հատկանշական է, որ երկու ցեղասպանությունների դեպքում էլ, անկախ դրդապատճառներից, մեծ է եղել տարբեր ժողովուրդների, իսկ հրեաների պարագայում նաև պետությունների, ցուցաբերած աջակցությունը համապատասխանաբար՝ օսմանյան և նացիստական իշխանություններին: Ներկայացված երկրորդ խումբը բանակն էր, որի մասնակցությունը կարևոր էր հատկապես հայ տղամարդկանց զինաթափումը և հավաքագրումն իրականացնելու, իսկ հոլոքոստի պարագայում՝ հրեաներին հայտնաբերելու համար: Գործում էր մեկ ամբողջական համակարգ, որը ներառում էր իրար շաղկապված մի քանի ռազմական կամ կիսառազմականացված կառույցներ: Քննարկվում է նաև ոստիկանության մասնակցությունը, որը, լինելով օրենքի պաշտպան, ինքն էր խախտում օրենքը, ինչպես նաև օգտագործում այդ նույն օրենքը՝ արդարացնելու իր գործողությունները: Օգտագործվում էին նաև բանտերից ազատ արձակված հանցագործները, որոնք մի կողմից համալրում էին ռազմականացված ինստիտուտների շարքերը, մյուս կողմից օգտագործում էին իրենց փորձառությունը սպանություններ իրականացնելու գործում:
Գաղտնի կազմակերպությունները (Թեշքիլաթը մահսուսա1 և գերմանական Էսէս) դարձան երկու ցեղասպանությունների գլխավոր իրագործողները, որոնք ոչ միայն օժանդակեցին ցեղասպանության ծրագրի իրագործմանը, այլև ստանձնեցին դրա իրագործման պատասխանատվությունը: Ակնհայտ է, որ երկու ցեղասպանությունների դեպքում էլ գործել է ամբողջական, փոխկապակցված համակարգ:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Հրեից հոլոքոստ, իրագործողներ, հասարակություն, բանակ, հանցագործներ, ոստիկանություն, գաղտնի կազմակերպություն, Թեշքիլաթը մահսուսա, գերմանական Էսէս:

Ստացվել է` 16.07.2018
Հրատարակվել է՝ 18.11.2018

Նարեկ Մ. Պողոսյան
Էջ 88-102

Ամփոփում
Հոդվածում քննարկվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության առանձնահատկությունները և փոխադարձ կապը: Մարդկության դեմ ուղղված հանցագործություն (Crime against humanity) եզրույթն առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել է 1915 թ. Հայոց ցեղասպանության իրողության հետ կապված և միջազգայնորեն սահմանվել Նյուրնբերգյան դատավարության կանոնադրության մեջ, երբ նացիստական պատերազմական հանցագործները կանգնած էին դատարանի առաջ: Նյուրնբերգյան դատավարության ժամանակ էլ իրավագետ Ռաֆայել Լեմկինն առաջարկեց դատավարության փաստաթղթեր ընդգրկել ցեղասպանություն (Genocide) եզրույթը, որը ստեղծելիս վերջինս նկատի էր ունեցել նաև Հայոց ցեղասպանությունը: Նյուրնբերգյան դատավարության ժամանակ Լեմկինը հաջողության չհասավ, և միայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան:
Փաստերը ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրագործվել է թե՛ մարդկության դեմ ուղղված հանցագործություն և թե՛ ցեղասպանություն: Ուստի հոդվածում վերլուծվում է այս երկու հանցագործությունների դրսևորումը Հայոց ցեղասպանության օրինակում: Ի հայտ է բերվում Հայոց ցեղասպանության նշանակությունը մարդկության դեմ ուղղված հանցագործության և ցեղասպանության հայեցակարգի ստեղծման հարցում:
Բանալի բառեր՝ մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ցեղասպանություն, Ռաֆայել Լեմկին, Հերշ Լաուտերպախտ, Նյուրնբերգյան դատավարություն, խմբին ոչնչացնելու մտադրություն, Հայոց ցեղասպանություն:

Ստացվել է` 14.07.2018
Հրատարակվել է՝ 18.11.2018

Հարություն Տ. Մարության
Էջ 103-142

Ամփոփում
Մեծ եղեռնի 50-ամյակի նշումը պայմանավորված էր ոչ միայն «ձնհալի » շնորհիվ հասարակության լայն շերտերի մեջ տեղ գտած փոփոխություններով, այլև Հայաստանի ղեկավարների քաղաքական կամքի գործոնով ։ 1960 թ. դեկտեմբերի վերջին Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար է ընտրվում Յակով Զարոբյանը (1908-1980)։ Նա իր գերդաստանի ճակատագրով (1914 թ. գաղթել է ծննդավայր Արդվինից և ոտքով հասել Դոնի Ռոստով. մինչև 1949 թ. ապրել է Հայաստանից դուրս) է զգացել Մեծ եղեռնի արհավիրքները: Նրա առաջին քայլերից էին ԽՄԿԿ կենտրոնական կոմիտեի առջև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հարգելու նպատակով միջոցառումների անցկացման անհրաժեշտության հարցի բարձրացման նախապատրաստությունը և համապատասխան նախագծերի կազմումը ։ Զարոբյանը նպատակ ուներ ոչ միայն բավարարելու հայ ժողովրդի վաղուց հասունացած ոգեղեն հիշատակի պահանջները, այլև լուծելու ռազմավարական նշանակության խնդիրներ: Երբ Եղեռնի 50-ամյակը ոգեկոչելու թույլտվություն ստանալու համար ՀԿԿ կենտկոմը դիմեց Մոսկվա, ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոն հարցի քննարկման համար կազմեց հատուկ հանձնաժողով, որը թեպետ բավական դժկամ, բայց և այնպես համաձայնեց թույլատրել նշել Եղեռնի 50-ամյակը1 ։ Պետք է նկատի ունենալ ևս մի կարևոր հանգամանք, որն էական նշանակություն ունեցավ Հայոց ցեղասպանության գործոնը խորհրդային և, դրանով իսկ, նաև միջազգային հանրությանը ներկայացնելու առումով: Բանն այն է, որ Խորհրդային Հայաստանի կուսակցական ղեկավարությունը, փորձելով իր վերադասի՝ ԽՄԿԿ կենտկոմի հավանությունը ստանալ «1915 թվականին հայերի զանգվածային բնաջնջման 50-ամյակի առթիվ միջոցառումներ » անցկացնելու մասին, հմտորեն օգտագործեց հայկական Սփյուռքի գործոնը և խնդիրը տեղափոխեց գաղափարախոսական ոլորտ:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Մեծ եղեռն, Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապրիլի 24։

Ստացվել է` 25.07.2018
Հրատարակվել է՝ 18.11.2018

Theme: Overlay by Kaira