ՀՑԹԻ Հրապարակումներ

Աշուն 2016, հատոր 2

Ցեղասպանագիտական հանդես

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ռոբերտ Թաթոյան
Էջ 7-42

Ամփոփում
Հոդվածում ուսումնասիրության են ենթարկվում 1890-ական թթ. կեսերին մերձավորարևելյան ճգնաժամի և Հայկական հարցի շուրջ ծավալված գործընթացների համատեքստում օսմանյան իշխանությունների, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից Արևմտյան Հայաստանի վեց նահանգների ժողովրդագրության հարցերի, այն է` արևմտահայության թվաքանակի և էթնիկական այլ խմբերի նկատմամբ հայերի ու քրիստոնեադավան այլ հարանվանությունների տեսակարար կշռի հարցերի արծարծումները։
Ներկայացվել և վերլուծության են ենթարկվել Հայկական հարցի համատեքստում վերոնշյալ հիմնական դերակատարների կողմից 1890-ական թթ. կեսերին կազմված արևմտահայության թվաքանակին և Արևմտյան Հայաստանի ազգաբնակչության էթնիկական կազմին վերաբերող հիմնական վիճակագրական տվյալները։
Բանալի բառեր՝ Հայկական հարց, օսմանյան վիճակագրություն, արևմտահայության թվաքանակ, վեց նահանգներ։

Ստացվել է` 09.09.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Նարինե Հակոբյան
Էջ 43-55

Ամփոփում
Հոդվածում անդրադարձ է կատարվում արևելահայ մամուլում Սասունի՝ 1894թ. կոտորածի վերաբերյալ տեղ գտած արձագանքներին: Այդ նպատակով հետազոտության են ենթարկվել 1890-ական թվականներին արևելահայ իրականության մեջ եռանդուն գործունեություն ծավալած «Մշակ›, «Նոր Դար», «Արձագանք» թերթերի և «Մուրճ» ամսագրի հրապարակումները: Քննության է ենթարկվում դրանցում Սասունի՝ 1894թ. կոտորածի վերաբերյալ առկա փաստական նյութը: Վերլուծվում է արևելահայ մամուլում մեծ տերությունների քաղաքականության ընկալումը:
Բանալի բառեր՝ արևելահայ մամուլ, Սասունի կոտորած, Մեծ տերություններ, Օսմանյան կայսրություն, Աբդուլ Համիդ II:

Ստացվել է` 04.10.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Սեդա Պարսամյան
Էջ 56-64

Ամփոփում
Այս հոդվածի շրջանակներում քննարկվում են հետևյալ հիմնական հարցերը.
• հայ մտավորականության, տվյալ դեպքում նաև հոգևորականության բնաջնջումը դիտարկել ենք որպես մշակութային ցեղասպանության (համաձայն Ռ. Լեմկինի ցեղասպանության հայեցակարգի) կամ էթնոցիդի յուրօրինակ դրսևորում և այս երևույթի դասական օրինակ:
• Հայոց ցեղասպանության սկզբում հայ մտավորականության՝ որպես հասարակության առաջնորդների, հետևողական մեկուսացումն ու բնաջնջումը դիտարկել ենք որպես տվյալ խմբի սոցիալ-մշակութային համախմբվածությունը խախտելու միտում՝ այդպիսով նաև ճանապարհ հարթելով հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջման իրագործման համար:
• հայ մտավորականության բնաջնջման անհրաժեշտության ու կանխամտածվածության արտացոլումն ինչպես երիտթուրքական վարչակարգի կողմից ընդունված որոշումներում, այնպես էլ այդ որոշումներն իրականացնելու գործողություններում:
Բանալի բառեր՝ մշակութային ցեղասպանություն, մտավորականություն, հոգևորականություն, հասարակության առաջնորդ, զանգվածային բնաջնջում, երիտթուրքական կառավարություն:

Ստացվել է` 29.09.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Նարինե Մարգարյան
Էջ 65-83

Ամփոփում
Հոդվածում ներկայացվել է Հայոց ցեղասպանության տարիներին ներկայիս Իրաքի տարածք հասած և Բաղդադի, Մոսուլի, Բաքուբայի և Նահր Ալ-Օմարի վրանաքաղաքներում տեղակայված հայ գաղթականների վիճակը: Դրան զուգահեռ վերլուծվել են Միջագետքի հայ տարագիրների հանձնախմբի, Ազգային իշխանությունների, ՀԲԸ Միության, Ամերիկյան նպաստամատույցի՝ հայ գաղթականների իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացրած միջոցառումները:
Անդրադարձ է կատարվել վրանաքաղաքներում տեղի ունեցող անցուդար ձին, հայ կամավորական ջոկատների ստեղծմանը, վերլուծվել է տեղի բրիտանական ղեկավարության ունեցած դիրքորոշումը հայ գաղթականների նկատմամբ: Անդրադարձ է կատարվել նաև նրանց՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվելու աշխատանքներին, ներկայացվել վերջինիս կազմակերպման հետ կապված մանրամասներ:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Իրաք, հայ գաղթականներ, վրանաքաղաք, անգլիական իշխանություն, հայ կրոնական առաջնորդներ, տեղաբաշխում:

Ստացվել է` 11.10.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ռեգինա Գալուստյան
Էջ 84-99

Ամփոփում
1865թ. ձևավորված նոր օսմանների կազմակերպությունն օսմանյան քաղաքական վերնախավի առաջին ժամանակակից հոսանքն էր: Նոր օսմաններն էին, որ առաջինը ձևակերպեցին «ազգ» և «հայրենիք» հասկացությունները, որոնք որոշակի ձևափոխումից հետո կազմեցին թուրքական ազգայնականության հիմքը: Նրանք հսկայական ազդեցություն ունեցան Օսմանյան կայսրության սահմանադրական շարժման և 1876 թ. հռչակված սահմանադրության բովանդակության վրա: Նոր օսմանների գաղափարախոսության որոշ հիմնադրույթներ, որոնք հետագայում ընդունվեցին երիտթուրքերի կողմից, այն է` Օսմանյան կայսրության ամբողջականությունը ցանկացած գնով պահպանելը, թուրքերենի անաղարտության և թուրք ռասայի տեղաբնիկության մասին դրույթները, քրիստոնյա փոքրամասնություններին օտարերկրյա շարունակական միջամտությունների հիմնական պատճառ դիտելը, կործանարար հետևանք ունեցան կայսրության քրիստոնյաների համար:

Բանալի բառեր՝ նոր օսմաններ, մամուլ, վաթան, ազգ, թանզիմաթ, քրիստոնյա փոքրամասնություններ, երիտթուրքեր:
Ստացվել է` 05.10.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Շուշան Խաչատրյան
Էջ 100-117

Ամփոփում
Այս ուսումնասիրությամբ վեր է հանվում Հայոց ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած բռնությունների և սպանությունների ծիսականացման երևույթը: Ծիսականացումը դիտարկվում է որպես Հայոց ցեղասպանության իրականացման կրոնական գործոնի խոսուն օրինակ: Հիմնականում անդրադարձ է կատարվում հոգևորականների հանդեպ բարբարոսության դրսևորումներին, բռնությունների ծիսականացմանը, ծիսական սպանություններին, Եղեռնի ժամանակ խաչն անարգելուն, մարդկանց խաչելուն, Հիսուս Քրիստոսի անունը շահարկելուն, կրոնական հայհոյանքներին, անարգանքին, պիտակավորումներին, կոչերին, քրիստոնեական սրբավայրերի հանդեպ կրոնական վանդալիզմին: Առանձին ուշադրության նյութ է հանդիսացել հայերի կողմից իրականացված ծիսական արարքների վերհանումը, մասնավորապես Հաղորդության խորհրդի իրականացում-նմանակումը Մեծ եղեռնի ժամանակ:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, կրոնական գործոն, բռնություն, կտտանքներ, ծիսականացում, զոհաբերություն:

Ստացվել է` 12.10.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նարեկ Պողոսյան
Էջ 118-128

Ամփոփում
Հոդվածում վերլուծվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Լեմկինի գրած «Հայկական կոտորածների վերաբերյալ գրքաչափ ձեռագրի» «Սպանելու մտադրությունը, ո՞վ է մեղավոր» ենթաբաժինը, որում հեղինակն ուշագրավ դիտարկումներ է անում Հայոց ցեղասպանության իրագործման դրդապատճառների մասին և նշում, թե ովքեր են այդ հանցագործության իրագործման պատասխանատուները: Լեմկինը Հայոց ցեղասպանության իրագործումը պայմանավորում է Օսմանյան կայսրության իշխանությունների՝ կայսրությունում ապրող ոչ մահմեդական հայերին բնաջնջելու մտադրությամբ և արտաքին նախադրյալների առկայությունը հմուտ ձևով օգտագործելու հանգամանքով: Լեմկինը մատնանշում է, որ Հայոց ցեղասպանության իրագործումը տեղի է ունեցել Գերմանիայի մեղսակցության և աջակցության պայմաններում:
Բանալի բառեր՝ Ռաֆայել Լեմկին, Գրքաչափ ձեռագիր, Ղուրան, Աբդուլ Համիդ II, հայերի կոտորածներ, Գերմանիա, երիտթուրքեր, ցեղասպանական գործողություններ:

Ստացվել է` 07.10.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Միհրան Մինասեան
Էջ 129-146

Ամփոփում
Ներկայ յօդուածով նախ անդրադարձ կատարուած է 1909-ի կիլիկեան կոտորածներու շրջանին Այնթապի հայութեան վիճակին մասին, թէ ինչպէս փորձեր եղած են հոն եւս համընդհանուր կոտորած յառաջ բերելու եւ կրկնելու Ատանայի մէջ պատահածը, ապա խօսուած է այդ 1909-ին Այնթապի հայութեան ունեցած կորուստներուն մասին, որմէ ետք հրատարակութեան տրուած են նոյն օրերուն Այնթապէն գրուած չորս անտիպ փաստաթուղթեր, ուր նկարագրուած են քաղաքին մէջ պատահած «Քէլլէճի»ի դէպքը իր բոլոր մանրամասնութիւններով, տեղւոյն հայութեան մօտ տիրող վախի ու սարսափի մթնոլորտը, կոտորածը կանխելու համար ձեռք առնուած միջոցառումները, եւ այլն։
Հրատարակուող փաստաթուղթերուն կցուած են համապատասխան ծանօթագրութիւններ։
Բանալի բառեր՝ 1909 թ. Կիլիկեան կոտորածներ, Այնթապ, փաստաթղթեր։

Ստացվել է` 23.09.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Տաթև Արշակյան
Էջ 147-160

Ամփոփում
Հոդվածում քննվում է ՀՑԹԻ գիտական ֆոնդերում պահվող Բերբերյանների ընտանիքի «Կյանքի և մահվան սահմանագծում. սպանդանոցից մազապուրծների հուշերը (1915-1923)»։ Հենվելով Բողազլյանի հայ բնակչության կոտորածի վրա` հուշագրությունը նկարագրում է Հայոց ցեղասպանության փուլերը և ողջ ընթացքը: Հուշը ներառում է մասնակի պատմություններ, որոնք լուսաբանում են Բողազլյանի կայմակամ Մեհմեդ Քեմալի գործունեությունը` որպես թուրքական կառավարության ներկայացուցիչ, տեղի թուրք բնակչության վարքագիծը, հայերի ինքնասպանության և փրկության դրվագները, ինչպես նաև Բողազլյանի վերապրողների կողմից ծավալված որբահավաք գործունեությունը։
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Բողազլյան, հուշեր, ականատեսի վկայություն, Բերբերյան ընտանիք, Վերոնիկա Բերբերյան:

Ստացվել է` 06.10.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Էդիտա Գզոյան
Էջ 161-177

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է 1919թ. Բրիտանական բարձրագույն հանձնաժողովի կողմից ձևավորված Հայ-հունական բաժնի հայ պատվիրակ Առաքել Չաքրյանի հոդվածաշարը՝ նվիրված մուսուլմանական տներից և հաստատություններից բռնի իսլամացված հայ երեխաների հավաքագրման, նրանց ինքնության վերադարձնելու ժամանակ հանդիպող խոչընդոտներին, ինչպես նաև թուրք պաշտոնյաների հարուցած դժվարություններին: Հայ-հունական բաժնի որոշմամբ այդ նյութերը տպագրվում են Կոստանդնուպոլսի «The Orinet News» թերթում:
Հոդվածում ներկայացվում են նաև Չեզոք տան վերաբերյալ որոշ տվյալներ՝ Ազգերի լիգայի արխիվից:
Բանալի բառեր՝ հայերի բռնի իսլամացում, Չեզոք տուն, Առաքել Չաքրյան, «The Orient News» թերթ, Հայ-հունական բաժին:

Ստացվել է` 22.09.2016
Հրատարակվել է՝ 14.12.2016

Theme: Overlay by Kaira