Գարուն 2017, հատոր 1

Ցեղասպանագիտական հանդես

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Նարինե Հակոբյան
Էջ 7-31

Ամփոփում
Հոդվածում ուսումնասիրության են ենթարկվում 1890-ական թթ. hամիդյան կոտորածների ականատես-վերապրողների տասնյակ տպագիր վկայություններ: Փորձ է արվում բազմակողմանիորեն վերլուծելու դրանք` հասկանալու և գնահատելու համար դրանց աղբյուրագիտական նշանակությունը: Վկայությունները դասակարգվում են` հիմք ընդունելով դրանց աղբյուրագիտական կարևորությունը և հավաստիությունը: Դրանց մի մասն ունի բացառիկ աղբյուրագիտական նշանակություն խնդրո առարկա ժամանակահատվածի դեպքերի ուսումնասիրման համար: Այս վկայությունները հարստացնում են թեմայի մասին մեր պատկերացումները լրացուցիչ տեղեկություններով, որոնք բացակայում են, օրինակ` դիվանագիտական փաստաթղթերում և այլ աղբյուրներում: Մյուս կողմից դրանք նոր հեռանկարներ են բացում համիդյան կոտորածների վերաբերյալ այլ գիտակարգերի շրջանակներում ուսումնասիրություններ կատարելու համար:
Բանալի բառեր՝ արևմտահայության կոտորածներ, ականատես-վերապրող ներ, վկայություններ, Օսմանյան կայսրություն:

Ստացվել է` 15.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

Ռոբերտ Թաթոյան
Էջ 32-64

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է անվանի հայ վիճակագիր և պատմաբան Ա- Դոյի (Հովհաննես Տեր-Մարտիրոսյան) «Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները. ուսումնասիրութեան մի փորձ այդ երկրի աշխարհագրական, վիճակագրական, իրաւական և տնտեսական դրութեան» աշխատության 1912 թ. հրատարակման առիթով հայկական մամուլում արևմտահայության թվաքանակի հարցի շուրջ ծավալված բանավեճը, որը ժամանակագրական առումով համընկավ Մեծ եղեռնի նախօրյակին Հայկական հարցի վերաբացման շրջանի հետ (1912-1914 թթ.)։
Ա-Դոյի երկասիրությանն արձագանքեցին ժամանակի հայ իրականության ականավոր հասարակական-քաղաքական գործիչ-մտավորականներ Ավետիս Ահարոնյանը, Գևորգ Ալթունյանը, Նիկոլ Աղբալյանը, Արշակ Ջամալյանը և ուրիշներ։
Ա-Դոյի գրքի քննադատներին հաջողվեց վեր հանել Ա-Դոյի ուսումնասիրության որոշակի խոցելի կողմերը, ներկայացվեցին ծանրակշիռ փաստարկներ առ այն, որ երեք նահանգների հայ ազգաբնակչության թվաքանակի` Ա-Դոյի հաշվարկը թերի և իրականից ցածր է։ Ա-Դոյի թվերին փաստարկված հակադարձելու նպատակով ի հայտ բերվեց մեծ քանակությամբ նոր վիճակագրական նյութ, որն ունի սկզբնաղբյուրի նշանակություն։ Քննադատների կողմից Ա-Դոյի տվյալների հավաստիությունը ստուգելու նպատակով կիրառվեց դրանք այլ` առավել թարմ և արժանահավատ վիճակագրական տվյալների հետ համադրելու և համեմատելու մեթոդը։
Բանալի բառեր՝ Հայկական հարց, արևմտահայության թվաքանակ, Վանի նահանգ, Բիթլիսի նահանգ, Էրզրումի նահանգ, հայկական մամուլ, վիճակագրություն, ժողովրդագրություն։

Ստացվել է` 17.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

Ավետիս Հարությունյան
Էջ 65-77

Ամփոփում
Արևմտահայության նկատմամբ գործադրված բռնությունները, սպանությունները և անապահովության մղձավանջը շարունակվեց և նոր դրսևորում ձեռք բերեց այն բանից հետո, երբ 1913թ. հունվարի 10-ին իթիլաֆականներին կրկին փոխարինեցին իթթիհաթականները:
Հայկական հարցի վերաբացումն իր անմիջական անդրադարձն ունեցավ Վանի նահանգի ազգամիջյան հարաբերություններում:
Քաղաքական բարդ իրադրության պայմաններում ՀՅԴ մարմինները ջանք գործադրեցին քրդերի հետ համագործակցության լեզու գտնելու և հանուն երկու ժողովուրդների ազատագրության մեկ ընդհանուր ճակատ կազմելու գործում: Քրդական մի շարք գործիչներ ցանկություն հայտնեցին բանակցություններ սկսել Դաշնակցության հետ:
Երիտթուրքերը չէին բացառում, որ հայկական բարենորոգումների իրականացումը կարող էր հող նախապատրաստել հայ-քրդական ամուր դաշինքի ստեղծման համար: Ուստի, այն ձախողելու նպատակով իշխանությունների դրդմամբ քրդերն ուժեղացրին խժդժությունները հայերի նկատմամբ:
Բանալի բառեր՝ Վան, անապահովություն, բարենորոգումներ, կոտորածներ, հայ-քրդական հարաբերություններ։

Ստացվել է` 19.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

Դերենիկ Մելիքյան
Էջ 78-91

Ամփոփում
Հիւսիսային Պարսկաստան թուրքական զօրքի ներխուժմանը հետևեցին հայ և ասորի բնակչութեան կոտորածները, հայկական և ասորական գիւղերի աւերումը: Այս պայմաններում հայկական և ասորական բնակչութիւնը դիմում է ռուսական զօրքերի հրամանատարութեանը, առաջարկելով կամաւորական գնդեր կազմել և համատեղ պայքարել թուրքական զօրքերի դէմ: Պարսկական ճակատում ռուսական զօրքերի 1916թ. առաջխացումը օգնեց կանխել Ատրպատականի հայութեան կատարեալ բնաջնջումը:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, ասորիների ցեղասպանություն, Առաջին աշխարհամարտ, Հյուսիսային Իրան, Ատրպատական։

Ստացվել է` 22.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

Նարինե Մարգարյան
Էջ 92-110

Ամփոփում
Հոդվածում վերլուծվում է հայ տարագիրների ինտեգրումը Սիրիայի սոցիալական կյանքում ընդհուպ մինչև 1924թ.: Ներկայացվում են տարագիրների առջև ծառացած սոցիալական խնդիրների աստիճանական լուծումները, հայ-արաբական փոխադարձ ադապտացումը, ինտեգրման ճանապարհին հանդիպող խոչընդոտները, արաբ ժողովրդի ու ֆրանսիական մանդատային իշխանությունների կառավարության ձեռնարկած միջոցառումները և հարակից մի շարք այլ խնդիրներ:
Ներկայացվում են հայ տարագիրների սոցիալական իրավիճակի դրական փոփոխությունները, դրանք պայմանավորող գործոնները: Ներկայացվում է երկրում տիրող քաղաքական իրավիճակը, որը որոշ չափով նպաստել է հայ տարագիրների նկատմամբ արաբական կողմի դժգոհությանը: Ներկայացված գործընթացների համատեքստում հայ տարագիրները կարողանում են սոցիալապես կայանալ, վերաձևավորել տեղի հայ համայնքը և աստիճանաբար իրենց Սիրիայի լիիրավ քաղաքացիներ համարել:
Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, տարագիրներ, սոցիալ-տնտեսական կյանք, ինտեգրում, կարգավիճակ, արաբներ, փոխհարաբերություններ, ֆրանսիական մանդատային իշխանություն:

Ստացվել է` 14.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

ԿՐՈՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Շուշան Խաչատրյան
Էջ 111-127

Ամփոփում
Հոդվածն անդրադարձ է Մեծ եղեռնի կրոնագիտական ուսումնասիրության հիմնահարցերին: Կրոնի գործոնը և կրոնը որպես գործիք օգտագործվելու պետական քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ընթացքում դեռևս գիտական վերլուծությունների կարիք ունեն, հատկապես կրոնագետպատմագետների կողմից: Հոդվածում ներկայացված են Հայոց ցեղասպանությունն այս տեսանկյունից ուսումնասիրելու հրամայականը, ինչպես նաև խնդրո առարկայի շուրջ մի շարք ուսումնասիրողների (Ռաֆայել Լեմկին, Լեո Կուպեր, Վահագն Դադրյան, Լեոնարդ Գլիկ, Ռիչարդ Լ. Ռուբենշտայն, Սթիվեն Լ. Ջեքոբս, Ռոնալդ Գ. Սյունի, Թաներ Աքչամ, Ջեյմս Ջ. Ռեյդ և Բեն Կիերնան) անդրադարձներն ու ընդհանուր մոտեցումները:
Բանալի բառեր՝ կրոնի գործոն, կրոնը՝ որպես գործիք, ջիհադ, կրոնական փոքրամասնություններ, կրոնական տարբերություն, քրիստոնյա, մուսուլման, երիտթուրքեր:

Ստացվել է` 21.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ

Ռեգինա Գալուստյան
Էջ 128-140

Ամփոփում
Յուրաքանչյուր ձևավորված էթնոսի կամ ազգի անդամ տարբերակում է «մենք»-ը և «նրանք»-ը: «Մենք» և «նրանք» կոնցեպցիաների ձևավորումը թուքական ազգային ինքնության կառուցման ծրագրում առաջնային նշանակություն ուներ: 1911-1913 թթ. Լիբիական և Բալկանյան պատերազմները բարենպաստ միջավայր ստեղծեցին թուրք ազգայնական վերնախավի համար` այդ կաղապարները ձևավորելու, թուրքական ազգայնականության սահմանները գծելու և այն քարոզելու համար: Քննության համար այս թեման կարևոր է նրանով, որ յուրաքանչյուր ցեղասպանության հիմքում իրենց խումբ ընկալող անհատներն են, որոնք գործում են ընդդեմ «նրանց»: «Մենք»-ի և «նրանք»-ի տարբերակումը նախապայման է ոչ միայն ազգային ինքնության կերտման, այլ նաև ցեղասպանության իրականացման համար, քանի որ հստակեցվում է թշնամու կերպարը, և դյուրացվում նրա հետագա ոչնչացումը:
Բանալի բառեր՝ ազգային ինքնություն, «մենք» և «նրանք», քրիստոնյա, մուսուլման, երիտթուրքեր, քարոզչություն, ցեղասպանություն:

Ստացվել է` 12.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

ԱՂԲՅՈՒՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Միհրան Մինասեան
Էջ 141-164

Ամփոփում
Այս յօդուածով հրատարակութեան տրուած են 11 անտիպ փաստաթուղթեր որոնք կ՚առնչուին 1909-ի Անտիոքի (Անթաքիոյ) հայութեան կոտորածին։ Անոնք մեծ մասամբ գրուած են աղէտէն ետք քաղաք ղրկուած քահանայ հայրերու կողմէ եւ կը նկարագրեն հոն տեղի ունեցած սպանդն ու աւարառութիւնները, կըշօշափեն կոտորածներէն ետք քաղաքին մէջ ստեղծուած իրավիճակը, կը խօսին տիրող ծայրայեղ թշուառութեան, որ բերու եւ այրիներու ճակատագրի, որ բանոցներու, օտար հաստատութիւններու կողմէ որբեր որ դեգրելու, նպաստներու բաշխումի, պետական նպաստի դադրեցման, պատերազմական ատեաններու կողմնակալ ու անվճռակամ ընթացքի, ոճրագործներու ազատ արձակման եւ յարակից այլ հարցերու մասին։ Առանձին ցուցակով տրուած է նաեւ Անտիոքի նահատակներու ընդհանուր ցուցակը՝ սպաննութեան վայրի եւ սպաննողի անուններու յիշատակութեամբ։
Առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ դրուող այս փաստաթուղթերը նոր լոյս կը սփռեն դէպքերուն վրայ եւ կը հարստացնեն ո՛չ միայն Անտիքի հայութեան պատմութիւնը, այլ կ ՚ամբողջացնեն Կիլիկեան կոտորածներու մասին մեր պատկերացումները։
Յօդուաի սկիզբի բաժինով փաստաթուղթերու հրատարակիչին կողմէ տրուած է ընդհանուր ակնարկ Անտիոքի հայութեան եւ 1909-ի քաղաքի կոտորածին ու անոր հետեւանքներուն մասին։
Հրատարակուող փաստաթուղթերուն կցուած են նաեւ բազմաթիւ ծանօթագրութիւններ։
Բանալի բառեր՝ կիլիկիահայութիւն, Անտիոք, 1909 թ., կոտորած, վերապրած ներ, որբեր, օգնութիւն։

Ստացվել է` 20.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ

Ինեսա Ստեփանյան
Էջ 165-173

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է Առաջին աշխարհամարտի և դրան հաջորդած տարիների ընթացքում Սեբաստիայի վիլայեթի Մարզվան քաղաքի հայերի տեղահանությունների և կոտորածների պատմությունը: Փորձ է արվում մեկ բնակավայրի օրինակով ցույց տալու թուրքերի ցեղասպան քաղաքականությունը, և որ ամենակարևորն է, դրա ժառանգականությունը: Մարզվանի օրինակն ակնհայտ ցույց է տալիս, որ քեմալականներն ազգային քաղաքականության հարցում շարունակում էին երիտթուրքերի ջարդարարական գործելաոճը: Ավելին՝ Մարզվանի օրինակը փաստում է, որ քեմալականները զարգացրին և կատարելագործեցին երիտթուրքերի կողմից կիրառվող մեթոդներն ու միջոցները:
Բանալի բառեր՝ Մարզվան, Սեբաստիա, Հայոց ցեղասպանություն, կեմալական շարժում, Թոփալ Օսման։

Ստացվել է` 12.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

Էլինա Միրզոյան
Էջ 174-182

Ամփոփում
Հոդվածում ներկայացված են նշանավոր հայ լրագրող, հասարակական գործիչ, պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի կյանքն ու խմբագրական գործունեությունը: Լուսաբանվել են նրա կյանքի և հասարակական գործունեության բնութագրող և ընդգծված կողմերը: Դինքը Թուրքիայի այն ակնառու հայերից էր, ով հայտնի դարձավ՝ Հայոց ցեղասպանության թեմատիկայի շուրջ բարձրաձայնելով: Փաստերի համադրման և վերլուծության արդյունքում լույս է սփռվել նրա կյանքի կարևորագույն և շրջադարձային իրադարձությունների վրա:
Բանալի բառեր՝ Հրանտ Դինք, «Ակօս», Ռաքել Դինք, Վարդո, Թուզլա:

Ստացվել է` 21.01.2017
Հրատարակվել է՝ 18.05.2017

[uptolike]
Theme: Overlay by Kaira