Աշուն 2022, համար 2

Ցեղասպանագիտական հանդես

Նարեկ Մ. Պողոսյան

Էջ 9-25

Ամփոփում
Հոդվածում վերլուծվում են Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանություն եզրույթի ձևակերպման պատմական նախադրյալները։ Եզրույթի ստեղծման անհրաժեշտությունը Լեմկինը կապում էր նրա հետ, որ կար հանցագործություն, որը, սակայն, ձևակերպված անվանում չուներ և սահմանված չէր:
Փաստերը, սակայն, վկայում են, որ նախքան Չերչիլը կհայտարարեր «անանուն հանցագործության» մասին, արդեն իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և նույնիսկ դրանից առաջ ցեղասպանության վերաբերյալ բնորոշումներ կամ ձևակերպումներ արդեն կային։ Մասնավորապես, հատկանշական է, որ Օսմանյան կայսրության՝ հայերի նկատմամբ իրականացված գործողություններն արդեն իսկ տարբեր լեզուներում բնորոշվել էին ցեղի և ժողովրդի սպանություն նշանակող արտահայտություններով։ Այսինքն՝ այդ հանցագործությունն անանուն չէր. այլ հարց է, որ այն իրավական սահմանում չուներ, որը ներկայացնելով մեկտեղ՝ Լեմկինը փորձեց սահմանել հանցագործության անվանման սեփական ձևակերպումը։

Բանալի բառեր՝ Ռաֆայել Լեմկին, հանցագործությունների հանցագործություն,  բարբարոսություն, վանդալիզմ, «անանուն հանցագործություն», ցեղասպանություն, Օսմանյան կայսրություն, «Völkermord», «folkmord» եզրույթներ։

Ստացվել է 02.08.2022
Ընդունվել է տպագրության 16.10.2022

https://doi.org/10.51442/jgs.0031

Լուսինե Յ. Աբրահամյան

Էջ 26-48

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում 1908 թ. հեղաշրջումից հետո Տրապիզոնի նահանգի հայ բնակչության դեմ երիտթուրքական կառավարության կողմից տարվողհակահայ քաղաքականությունը: Այն իրականացվում էր քարոզչության միջոցով, որն իր բացասական ազդեցությունն էր ունենում նահանգի հայության ինչպես հասարակական, այնպես էլ տնտեսական կյանքի վրա:
Հիմնվելով տարբեր սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունների վրա՝ հոդվածում ներկայացվում են 1908-1914 թթ. Տրապիզոնում հակահայ քաղաքականության դրսևորումների բազմաթիվ օրինակներ, քննության են առնվում հայերի դեմ ուղղված հալածանքները, դրանց կազմակերպման ու իրագործման որոշ մանրամասներ, ինչպես նաև պետության ներգրավվածության հարցը:
Տրապիզոնի նահանգում հստակ նպատակային դրսևորում ունեցած այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունը լինելու էր Հայոց ցեղասպանությունը, որն ակտիվացման փուլ մտավ երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաեդդին Շաքիրի՝ Տրապիզոն գալուց հետո:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Տրապիզոն, հակահայկական քաղաքականություն, առևտրական բոյկոտ, տեղահանություն, իսլամացում, լքյալ գույք:

Ստացվել է 13.05.2022
Ընդունվել է տպագրության 26.10.2022

https://doi.org/10.51442/jgs.0032

Ռոբերտ Ա. Թաթոյան

Էջ 49-73

Ամփոփում
Հոդվածում հայկական և օտար բազմաթիվ աղբյուրների տվյալների համեմատական վերլուծության հիման վրա փորձ է արվում հաշվարկել 1922 թ. Զմյուռնիայի աղետին զոհ գնացած հայերի թիվը։ Նշված նպատակով.
ա) անդրադարձ է կատարվում հարցի պատմագրությանը,
բ) ներկայացվում և վերլուծության են ենթարկվում հույն, հայ և այլ քրիստոնեադավան զոհերի ընդհանուր թվաքանակի վերաբերյալ հիմնական աղբյուրների տվյալները, որոնց հիման վրա տրվում է զոհերի, մեր կարծիքով, առավել հավանական ընդհանուր թիվը,
գ) անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանության նախօրյակի դրությամբ Զմյուռնիա քաղաքի և նահանգի հայ բնակչության և նախքան քեմալականների կողմից քաղաքի գրավումը` 1922-ի սեպտեմբերի դրությամբ Զմյուռնիա քաղաքում և շրջակայքում կենտրոնացած հայերի թվաքանակի հարցին,
դ) ներկայացվում և վերլուծության են ենթարկվում Զմյուռնիայի աղետին զոհ գնացած հայերի թվաքանակի վերաբերյալ տարբեր վավերագրերից քաղված այլ տվյալներ,
ե) ներկայացվում և վերլուծության են ենթարկվում Զմյուռնիայի աղետից մազապուրծ եղած, Զմյուռնիայից ու շրջակայքից տարհանված և Հունաստանում ու այլ երկրներում ապաստան ստացած հայ փախստականների թվաքանակի վերաբերյալ տվյալները, դրանք համեմատվում են նախքան աղետը` 1921-ի դրությամբ Փոքր Ասիայի արևմտյան շրջանների հայ բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալների հետ,
զ) առանձին անդրադարձ է կատարվում Զմյուռնիայից և շրջակայքից կալանավորված և Թուրքիայի ներքին շրջաններ աքսորված զինվորական տարիքի հայ տղամարդկանց կորստի հարցին։
Համաձայն վերոնշյալ հարցերի շրջանակի քննության հիման վրա մեր հաշվարկի՝ Զմյուռնիայի աղետին զոհ է գնացել մոտ 5 000-5 500 հայ, որից մոտ 4 000-ը զոհվել է հրդեհի, դրան նախորդած և հաջորդած կոտորածների և զանգվածային սպանությունների հետևանքով, իսկ մոտ 1 000-1 500-ը՝ 15-45 տարեկան տղամարդիկ, գերության և աքսորի ընթացքում։ Հայ զոհերը կազմել են զոհերի ընդհանուր թվի (20-22 հազար) մոտ մեկ քառորդը։

Բանալի բառեր՝ Զմյուռնիայի աղետ, Զմյուռնիայի հայ բնակչություն, Հայոց ցեղասպանություն, փախստականներ, վիճակագրություն։

Ստացվել է 10.08.2022
Ընդունվել է տպագրության 16.09.2022

https://doi.org/10.51442/jgs.0033

Գոհար Վ. Խանումյան

Էջ 74-89

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է ամերիկացի բժիշկ Էսթեր Փոլ Լավջոյի փորձառությունը Զմյուռնիայի աղետի օրերին, ուր նա ժամանեց իբրև «Ամերիկացի կանանց հոսպիտալներ» (այսուհետ՝ ԱԿՀ) ծառայության ներկայացուցիչ։ Լավջոյի և նրա ղեկավարած ԱԿՀ ծառայության բժշկական նպաստամատույց գործունեության վերաբերալ հայ պատմագրության մեջ հիշատակումներ գրեթե չկան, այն դեպքում, երբ այս հեղինակը բազմիցս հղվում է որպես սկզբնաղբյուր Զմյուռնիայի աղետի, հույն և հայ գաղթականներին բժշկական նպաստամատույց օգնության կազմակերպման վերաբերյալ օտարալեզու ուսումնասիրություններում և մասնագիտական գրականության մեջ։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև ԱԿՀ ծառայության ստեղծման պատմությանը և սկզբնական շրջանի գործունեությանը։

Բանալի բառեր՝ Զմյուռնիայի աղետ, Հայոց ցեղասպանություն, Ամերիկացի կանանց հոսպիտալներ, Ամերիկացի բուժաշխատող կանանց ազգային ասոցացիա, հույն-թուրքական պատերազմ:

Ստացվել է 01.08.2022
Ընդունվել է տպագրության 13.10.2022

https://doi.org/10.51442/jgs.0034

Թեհմինե Ռ. Մարտոյան

Էջ 90-109

Ամփոփում
Ականատես-վերապրող Մկրտիչ Ավետյանի հուշագրությունը Զմյուռնիայի հայերի խաղաղ կյանքի, նրանց դեմ թշնամանքի արմատավորման, բռնության և տարագրության մասին է: Առաջին աշխարհամարտի սկզբին Մկրտիչ Ավետյանին զինվորագրել և որպես արհեստավորի ուղարկել են Կ.Պոլիս:
Ավետյանը, տեսնելով, որ թուրքերի տրամադրությունները հայերի հանդեպ կտրուկ վատանում են, որոշում է ընտանիքին Դենիզլիից տեղափոխել Զմյուռնիա: Մկրտիչ Ավետյանն իր և 20 ուրիշ ընտանիքների հետ 190 օսմանյան ոսկու դիմաց Զմյուռնիայից հասնում է Միտիլինի : Վավերագրողն իր ձեռագիր-հուշը գրի է առել Հալեպում 1965 թ.՝ 93 տարեկան հասակում։

Բանալի բառեր՝ Զմյուռնիա, Դենիզլի, Կորդելիո, հուշագրություն, Մեսրոպյան վարժարան, Հռիփսիմյանց վարժարան, Առաջին աշխարհամարտ, քեմալական բանակ, հունական բանակ, Մուսթաֆա Քեմալ, Ռահմի բեյ, Միտիլինի:

Ստացվել է 13.05.2022
Ընդունվել է տպագրության 26.10.2022

https://doi.org/10.51442/jgs.0035

Creative Commons License

«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։

Theme: Overlay by Kaira