Գլխավոր

Հարգելի այցելու,

Ուրախ ենք ողջունելու Ձեզ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի (ՀՑԹԻ) հրապարակումներին նվիրված կայքում։ Իր հիմնադրման առաջին իսկ օրերից ՀՑԹԻ-ի առանցքային գործառույթներից է գրահրատարակչական գործունեությունը։ Անցած 25 տարիների ընթացքում հրատարակվել են 200-ից ավելի աշխատություններ, որոնց թվում են Հայոց ցեղասպանության պատմության և ընդհանրապես ցեղասպանագիտության առաջատար ներկայացուցիչների աշխատություններն ու կոթողային նշանակություն ունեցող ստեղծագործությունները։

Դրան զուգահեռ ՀՑԹԻ-ը հրատարակում է նաև պարբերական հանդեսներ։ Այս շարքում առաջինն էր «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր» ամսագիրը, որը Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին հանդեսն էր Հայաստանում։ Այն հրատարակվել է 1995-2006 թվականներին։ Այնուհետև 2013 թվականին հիմնադրվել և մինչ այժմ տարին երկու անգամ հրատարակվում է «Ցեղասպանագիտական հանդես» ամսագիրը, որը շարունակում է իր նախորդի դրած ավանդույթները՝ ընդլայնելով դրա նախանշած սահմանները։ Իսկ 2016 թվականին հիմնադրվել է Հայաստանի առաջին անգլալեզու ցեղասապանագիտական հանդեսը՝ “International Journal of Armenian Genocide Studies” ամսագիրը։

Մինչև այս ՀՑԹԻ-ի հրապարակումները ներկայացվում էին մեր պաշտոնական կայքում՝ www.genocide-museum.am։ Սակայն մենք որոշեցինք ներկայացնել դրանք առանձին կայքում։ Այստեղ Դուք կարող եք ծանոթանալ մեր ամսագրերի ամբողջական համարներին, ինչպես նաև տեղեկություն ստանալ ՀՑԹԻ-ի կողմից հրատարակված գրքերի և ալբոմների մասին։ Վերջիններիս մի մասը հասանելի կլինի ազատ ներբեռնման համար։ Մնացած հրատարակություններին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՑԹԻ գիտական գրադարան, իսկ ցանկության դեպքում դրանց մի մասը կարող եք գնել Հայոց ցեղասպանության թանգարանի գրախանութում։

Մաղթում ենք հաճելի ընթերցանություն։

Theme: Overlay by Kaira