Ցեղասպանագիտական հանդես

Հատոր 13, համար 2

Հատուկ համար.
«Թուրքական և ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)»

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Սվետլանա Ա. Չախմախչյան, Էդիտա Գ. Գզոյան
Ամփոփում
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունումից 76 տարի անց մարդիկ ոչ միայն հավասար չեն, այլև հաճախ հայտնվում են խտրականության ու ատելության թիրախում միայն իրենց ծագման, կրոնական կամ էթնիկ պատկանելության պատճառով: «Ռասայական խտրականություն», «այլատյացություն», «ատելության խոսք» հասկացությունները դարձել են ժամանակակից խոսույթի անբաժան մաս: Հոդվածի նպատակն է ներկայացնել երեք տերմինների նախապատմությունը, դրանց իրավական նշանակությունը և կիրառելիությունը:

Բանալի բառեր՝ ռասիզմ, ռասայական խտրականություն, այլատյացություն, ատելության խոսք, խտրականություն։
Ստացվել է՝ 12.03.2025
Ընդունվել է տպագրության՝ 24.09.2025

Նարեկ Պողոսյան

Ամփոփում
Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների դաժան պատկերները խոր հետք են թողել Ռաֆայել Լեմկինի հիշողության մեջ՝ էական ազդեցություն ունենալով նրա մտքերի ձևավորման վրա։ Դրանք նպաստել են նաև նրա կողմից «ցեղասպանություն» հասկացության ձևավորմանը, ինչպես նաև այդ հանցագործության կանխարգելման և պատժի շուրջ առանձին միջազգային կոնվենցիա ստեղծելու գաղափարի զարգացմանը։
«Ցեղասպանության պատմություն» անավարտ աշխատության մեջ և այլ փաստաթղթերում Լեմկինն անդրադարձել է հայերի նկատմամբ ցեղասպանության իրագործման ժամանակ զանգվածային բռնություններին՝ փորձելով հասկանալ նաև ցեղասպանության իրողության նկատմամբ կոտորածների կազմակերպիչների և զոհերի հոգեբանական արձագանքը։
Լեմկինն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած հասարակական դիրքը և մի շարք գործոններ, հատկապես տնտեսական հաջողությունները, առանցքային պատճառներ են դարձել երիտթուրքական կառավարիչների կողմից նրանց նկատմամբ ատելության բորբոքման համար։ Եվ այս տեսանկյունից նա զուգահեռներ է անցկացնում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև` հայերի դրությունն Օսմանյան կայսրությունում համեմատելով հրեաների վիճակի հետ նացիստական Գերմանիայում։Օսմանյան
կայսրությունում հայերի նկատմամբ կիրառված հալածանքներն ու ատելությունը Լեմկինը մեծապես պայմանավորում է նաև կրոնական դրդապատճառներով։ Նա վերլուծում է երիտթուրքական քարոզչության այն առանձնահատուկ դրվագները, որոնք նպատակ ունեին մեղադրելու հայերին՝ նրանց նկատմամբ թշնամանք սերմանելու և բռնություններ հրահրելու համար։

Բանալի բառեր՝ Ռաֆայել Լեմկին, Հայոց ցեղասպանություն, Օսմանյան կայսրություն, հայեր, բռնություններ, ատելություն, վայրագություններ։
Ստացվել է՝ 07.05.2025
Ընդունվել է տպագրության՝ 08.10.2025

Շուշան Խաչատրյան
Ամփոփում
Սույն հոդվածով փորձել ենք վեր հանել օսմանյան քրիստոնյաների վերաբերմամբ կիրառվող «գյավուր» («ք[յ]աֆիր», «անհավատ») պիտակը, որը նախ կրոնական պիտակավորում էր, սակայն լայն հասարակական, մշակութային և քաղաքական, ինչու ոչ նաև տնտեսական հետևանքներ ուներ։ Սույն վերլուծությունը կատարելու ենք հայ քրիստոնյաների հանդեպ այս պիտակի կիրառման օրինակով՝ սկսելով պիտակի լեզվական ծագումնաբանության, կրոնական նշանակության ներկայացմամբ, ապա նաև՝ հայ մատենագրության մեջ առկա հիշատակումների, ի հետևանք դրանց կիրառվող սահմանափակումների, թիրախավորման, մահապատիժների դեպքերի և, ի վերջո, զանգվածային սպանությունների ու ցեղասպանության ժամանակ կիրառման մեկտեղմամբ։ Հոդվածում մատնանշվում է բառի կիրառմանը հետևած ապամարդկայնացման դարավոր պատմությունը՝ ուղղված քրիստոնյաների, տվյալ դեպքում՝ հայերի դեմ։

Բանալի բառեր՝ «գյավուր» («ք[յ]աֆիր», «անհավատ»), թիրախավորում, ապամարդկայնացում, այլատյացություն։
Ստացվել է՝ 07.05.2025
Ընդունվել է տպագրության՝ 08.10.2025

Սոսե Ասատրյան
Ամփոփում
Հայոց ցեղասպանության ժամանակ, հալածանքների ընթացքում և այդ հակամարդկային իրադարձություններից հետո ցեղասպանությունը վերապրածների, նրանց ժառանգների և հաջորդող սերունդների հոգեբանական խնդիրների, հոգեկան առողջության խաթարումների վերաբերյալ հոգեբանական աշխատությունները հայ իրականության մեջ սակավաթիվ են` չնայած այն փաստին, որ դեռ 1919 թվականին ամերիկահայ հոգեբանն արդեն լույս էր ընծայել աշխատություն, որն անդրադառնում էր Հայոց ցեղասպանությանը և հալածանքներին։ Սույն հոդվածը միտված է հանրության ավելի լայն շրջանակների համար բացահայտելու Հակոբ Պողոսյան գիտնականին, ըստ արժանվույն գնահատելու նրա գիտական վաստակը և կատարած ահռելի աշխատանքը, որը կարող էր և, հույս ունենք, հիմա էլ կծառայի հայ հոգեբանների կողմից թեմայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը և նոր աշխատանքների իրականացմանը, որոնցումանպայման անդրադարձ կլինի, և կհիշատակվեն նրա մշակած և առաջին անգամ կիրառած մեթոդներն ու գիտական հայացքները։ Դոկտոր Պողոսյանի կատարած ուսումնասիրությունները բացառիկ են ոչ միայն այն առումով, որ առաջինն են ոլորտում, այլև այն տեսանկյունից, որ նա էլ, լինելով կոտորածներից փրկված հայ, կարողացել է սեփական կենսագրությամբ և փորձառությամբ ներկայացնել պատմական իրողությունները և դրանց ունեցած հոգեբանական ազդեցությունները, էթնիկ ինքնության և ազգային գաղափարախոսությունների պահպանման կարևորությունը:

Բանալի բառեր՝ Հակոբ Պողոսյան, հայ, հոգեբանություն, հոգեցնցում, հալածանքներ, ոճրագործներ:
Ստացվել է՝ 05.08.2025
Ընդունվել է տպագրության՝ 07.10.2025

Էլեն Հակոբյան
Ամփոփում
Հոդվածում անդրադարձ է կատարվում 1919 թ. Նախիջևանի Վերին Ագուլիս և Ներքին Ագուլիս գյուղերում հայ խաղաղ բնակչության ջարդին։ Քննարկման առարկա են ջարդի կազմակերպման ռազմաքաղաքական համատեքստին և դրանում Նախիջևանի ադրբեջանական ու թուրքական իշխանությունների դերակատարմանը, ինչպես նաև տեղական պաշտոնյաների և բնակիչների մասնակցությանն առնչվող հարցերը։
Հոդվածի գլխավոր սկզբնաղբյուրներն են վերապրածների և ժամանակակիցների վկայությունները, պաշտոնական փաստաթղթերն ու հրապարակումները։ Նշված նյութերի համադրական քննությունը թույլ է տալիս համահավաք կերպով ներկայացնել՝ ա) Ագուլիսում հայերի ոչնչացման ընթացքը, բ) 1919 թ. վերջին Նախիջևանի ադրբեջանական իշխանությունների քաղաքական խնդիրները որպես Ագուլիսի հայերի ոչնչացմանը նպաստած հիմքեր, գ) Նախիջևանում թուրքական իշխանությունների գերակա ազդեցությունը և նրանց անունից ջարդի օրինականացումը, դ) ջարդի անմիջական կազմակերպիչների և իրագործողների շրջանակը և ե) հայերի դեմ բռնություններին տեղացի թաթարների մասնակցության սոցիալ-խմբային գործոնները։

Բանալի բառեր՝ հայեր, Ագուլիս, Գողթն, Նախիջևան, Ադրբեջան, Օսմանյան կայսրություն, բռնություն, ջարդ:
Ստացվել է՝ 05.08.2025
Ընդունվել է տպագրության՝ 07.10.2025

Սեդա Պարսամյան, Հայաստան Մարտիրոսյան
Ամփոփում
Թուրքական և ադրբեջանական հայատյացությունը, շատ կետերում փոխկապակցված, մշտապես դրսևորվել է ոչ միայն հայության՝ որպես էթնիկ խմբի, այլև նրա ստեղծած մշակութային ժառանգության նկատմամբ։ Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը թիրախավորվել է թուրքական և ադրբեջանական բոլոր վարչակարգերի կողմից։ Ներկայումս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության մեծ մասը ոչնչացված է, մի մասը քայքայված վիճակում է, իսկ մնացյալ մասը շարունակաբար փոխակերպվում է մզկիթների կամ այլ բնույթի օբյեկտների։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգությանը, ապա կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ բարեհաջող կիրառում և գրեթե նույնությամբ կրկնում է հայկական պատմաճարտարապետական հուշարձանների վերացման թուրքական փորձը: Ավելի քան երեքուկես տասնամյակ է՝ Ադրբեջանում չկա որևէ գործող հայկական եկեղեցի. մեծ մասը պայթեցվել կամ օգտագործվում է այլ նպատակով, իսկ Նախիջևանի և Արցախի տարածքներում գտնվող հայկական եկեղեցիները ներկայացվում են որպես աղվանական ժառանգություն։
Սույն հոդվածում փորձ է արվում ներկայացնելու Թուրքիայում և Ադրբեջանում հայկական պատմաճարտարապետական հուշարձանների շարունակական փոխակերպումների և/կամ աղավաղումների մեխանիզմը որպես հակառակորդ էթնիկ հանրույթի (տվյալ դեպքում՝ հայերի) մշակույթը չեզոքացնելու, անցյալում նրա գոյությունը ժխտելու և դրա մասին հիշողությունը ջնջելու միջոց։

Բանալի բառեր՝ հայատյացություն, Թուրքիա, Ադրբեջան, մշակութային ժառանգություն, ոչնչացում, փոխակերպում, յուրացում։
Ստացվել է՝ 06.08.2025
Ընդունվել է տպագրության՝ 22.10.2025

Հայկ Հակոբյան
Ամփոփում
Հոդվածը նվիրված է ադրբեջանական պատմագրության գաղափարական ձևավորման գործընթացին 1930-ականներից մինչև մեր օրերը։ Ուշադրության առանցքում այն մեխանիզմներն են, որոնցով ձևավորվեց «տեղաբնիկության» խոսույթը՝ նպատակ ունենալով ներկայացնելու ադրբեջանցիներին որպես Հարավային Կովկասի հնագույն ժողովուրդ։ Վերլուծվում են մարական և աղվանական տեսությունների ծագումն ու զարգացումը որպես խորհրդային գաղափարախոսության մեջ ձևավորված պատմական-քաղաքական կառուցումներ, որոնք հետագայում շարունակեցին գործել նաև անկախ Ադրբեջանի պետական գաղափարախոսության մեջ։ Հոդվածը ցույց է տալիս, որ այս պատմաշարերը (նարատիվները) ծառայել են ոչ թե գիտական նպատակների, այլ քաղաքական շահերի, մասնավորապես հայկական մշակութային և պատմական ժառանգության յուրացմանը: Հատուկ ընդգծվում է, որ նույն մոդելը վերջին տասնամյակներում որդեգրել են նաև Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները՝ ստեղծելով իրենց սեփական «հին պետականության» առասպելները։ Այս երևույթը բնութագրվում է որպես «հավաքական յուրացման» գործընթաց, որի նպատակը տարածաշրջանի իրական պատմական հիշողության փոխարինումն է արհեստական և քաղաքականապես շահավետ առասպելաբանությամբ։ Ուստի հոդվածնառաջարկում է քննադատական հայացք նետել Ադրբեջանի պատմական գիտակցության վերակառուցման և մշակութային հիշողության մանիպուլյացիայի մեխանիզմների վրա։

Բանալի բառեր՝ ադրբեջանական պատմագրություն, տեղաբնիկության խոսույթ, մարական ծագման տեսություն, աղվանական ծագման տեսություն, պատմական հիշողության մանիպուլյացիա, մշակութային յուրացում:
Ստացվել է՝ 08.06.2025
Ընդունվել է տպագրության՝ 12.08.2025

Գոհար Խանումյան
Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է Խորհրդային Ադրբեջանում հակահայկական քաղաքականությունը մշակութային ժառանգության ոչնչացման կոնկրետ դեպքի՝ Բանանց գյուղի «Արծիվ» հուշարձանի օրինակով։ Հիմնվելով արխիվային նյութերի, մասնավորապես՝ բանանցեցի Սերգեյ Տերյանի անձնական հավաքածուի վրա՝ հոդվածում քննում ենք հուշարձանի ստեղծման ու քանդման պատմությունը՝ բացահայտելով Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգված քաղաքականության դրսևորումները։ Հուշարձանը, որի հեղինակներն էին հայտնի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը, նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում զոհված 600 հայ բանանցեցիների հիշատակին։ Դրա ոչնչացումը՝ իրագործված Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հեյդար Ալիևի գիտությամբ և վերահսկողությամբ, ներկայացվում է որպես մշակութային հուշարձանի ոչնչացման կանխամտածված ակտ՝ խորհրդային ազգային քաղաքականության և պետականորեն ուղղորդված հայատյացության համատեքստում։ Հոդվածում վերլուծվում են նաև հուշարձանի քանդումն արդարացնելու ադրբեջանական պատմագիտական մոտեցումները, և քննարկվում են այդ իրադարձության քաղաքական հետևանքները՝ հայատյացության, հայերի հայրենազրկման և մշակութային հուշարձանի կորստի դիտանկյունից։

Բանալի բառեր՝ Բանանց, «Արծիվ» հուշարձան, հուշարձանի ոչնչացում, մշակութային ժառանգություն, հակահայկական քաղաքականություն, Հեյդար Ալիև։
Ստացվել է՝ 06.08.2025
Ընդունվել է տպագրության՝ 10.09.2025

Գայանե Հովհաննիսյան
Ամփոփում
Սույն հոդվածի նպատակն է ականատեսների վկայությունների և բանավոր պատմությունների հիման վրա բացահայտել 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում իրականացված հայ բնակչության ջարդերի մի շարք կարևոր դիտանկյուններ: Վերլուծելով վերապրածների բանավոր պատմությունները` հետազոտությունը ձգտում է բացահայտելու ջարդերին նախորդած ժամանակաշրջանում ձևավորված հակահայ ատելության խոսքը և ապամարդկայնացման դրսևորումները, ինչպես նաև բռնության կազմակերպական գործողությունների օրինաչափությունները: Հոդվածը ցույց է տալիս բանավոր պատմության կարևորությունը Սումգայիթի ջարդերի փաստագրման գործում և նպաստում դրանց գիտական առավել խորքային ուսումնասիրությանը:
Հետազոտության համար հիմնական սկզբնաղբյուր են հանդիսացել Սումգայիթի ջարդերը վերապրածների հրատարակված վկայությունները, որոնք բովանդակում են կարևոր տեղեկություններ ջարդերի նախապատրաստական աշխատանքների, դրանց բնույթի և առանձնահատկությունների մասին: Հոդվածում վերլուծվել են ջարդերի այն օրինաչափ բնութագրիչները, որոնք բազմիցս արձանագրվել են տարբեր վկայություններում՝ ընդգծելով դրանց կառուցվածքային և կազմակերպական ընդհանրությունները։
Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ ջարդերին նախորդել են համակարգված հակահայկական քարոզչություն և ատելության խոսքի լայն տարածում: Այդ գործընթացում որոշիչ դեր են ունեցել Խորհրդային Հայաստանից Սումգայիթ տեղափոխված ադրբեջանցիները: Այդ օրերին հայերի ապամարդկայնացումը դրսևորվում էր նրանց տարբեր կենդանիների հետ համեմատելով և նվաստացուցիչ բնորոշումներով։ Ականատեսների վկայությունների համադրումը թույլ է տալիս արձանագրել նաև ջարդերին նախորդած ժամանակաշրջանում որոշակի կազմակերպական գործողությունների իրականացումը, մասնավորապես՝ հայերի բնակության հասցեների ցուցակների կազմումը, հարձակումների համար անհրաժեշտ գործիքների պատրաստումը, ջարդարարներին ոգելից խմիչքների և հոգեմետ նյութերի բաժանումը, ադրբեջանցիների կողմից հատուկ պայմանանշանների կիրառումը: Վերապրածների պատմությունները վերահաստատում են, որ ջարդերի օրերին տեղական ոստիկանությունը և շտապ բուժօգնությունը դրսևորել են հանցավոր անգործություն, իսկ որոշ դեպքերում աջակցել են ջարդարարներին։

Բանալի բառեր՝ հայատյացություն, Սումգայիթի ջարդեր, ականատեսներ, վկայություններ, բանավոր պատմություններ:
Ստացվել է՝ 14.10.2025
Ընդունվել է տպագրության՝ 15.11.2025

Creative Commons License

«Ցեղասպանագիտական հանդես»-ում հրատարակված բոլոր նյութերը կրում են Creative Commons Attribution-NonCommercial 4.0 միջազգային լիցենզիան։

Theme: Overlay by Kaira