ՀՑԹԻ Հրապարակումներ

Գարուն 2014, հատոր 1

Ցեղասպանագիտական հանդես

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Հայկ Դեմոյան
Էջ 9-17

Ամփոփում
Հայոց ցեղասպանությունը և նրա հետևանքները հայ ինքնության և հիշողության համար ազգային ողբերգության, կորստի, բայց նաև մաքառման, ազգային վերածննդի ու կյանքի շարունակականության անբեկանելի բաղադրիչներն են դարձել: Այս տեսակետից պետք է արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը կոչված է իրականացնելու կարևոր ու պատմական առաքելություն: Այդ առաքելությունը հանգում է Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ անցկացվելիք հիշատակի ու ոգեկոչման միջոցառումների պատշաճ կազմակերպմանը, ազգային միասնականության և համախմբման ու ցեղասպանության հետևանքների վերացման հարցում ընդհանուր մոտեցումների ապահովմանը: Նախատեսվելիք միջոցառումների շարքում հարկ է առանձնացնել թանգարանային մշտական և ժամանակավոր ցուցադրությունների կազմակերպումը, գիտական ուսումնասիրությունը և մասնագետների պատրաստումը, գրահրատարակչությունը, թեմատիկ միջազգային գիտաժողովների անցկացումը, հիշատակի և ոգեկոչման արարողությունների կազմակերպումը, ցեղասպանության թեմայի ուսուցումը, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ստեղծումը, կայքէջերի ու խտասկավառակների թողարկումը, աշխատանք արտասահմանյան ԶԼՄ-ների հետ աշխատանքը, ՀՑԹԻ-ի մասնաշենքի ընդարձակումն ու նոր ցուցադրության կազմակերպումը և այլն:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակը, դիտելով որպես հոգեբանական մի սահմանագիծ անցյալի և ներկայի միջև, այդուհանդերձ այն չպետք է ընկալել որպես մեր աշխատանքների վերջնագիծ կամ ավարտ: Ճիշտ հակառակը: Հարյուրամյակը պետք է դիտվի որպես ուժերի համախմբման նոր հանգրվան և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դրա հետևանքների վերացման համար մղվող պայքարի նոր մեկնակետ:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Հայոց ցեղասպանության հարյուրամյակ, հիշողություն, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով:

Ստացվել է` 14.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սեդա Պարսամյան
Էջ 18-30

Ամփոփում
1894-96թթ. համիդյան կոտորածների տարիներին գրանցվել է հայկական մշակութային արժեքների համակարգված ու զանգվածային ոչնչացում` ընդգրկելով կայսրության բոլոր այն նահանգները, որտեղ իրագործվել են կոտորածներ: Ամենուր թուրքերն առանձնակի կատաղությամբ են կործանել հոգևոր-մշակութային հաստատությունները՝ կից շինություններով, և առանձնակի դաժանությամբ սպանել հոգևորականներին: Սույն հոդվածում փորձել ենք ներկայացնել 1894-96թթ. համիդյան կոտորածների ընթացքում հայկական մշակութային արժեքների, մասնավորապես վանքերի, եկեղեցիների, կրթօջախների, ձեռագրատների, գրադարանների ոչնչացման եղանակները և դրանց հետևանքները:
1894-96թթ. հայկական հոգևոր-մշակութային արժեքները թալանվելուց ու պղծվելուց հետո ավելի հաճախ ոչնչացվել են`
• հատուկ այդ նպատակով բերված հրետանու միջոցով,
• հրկիզումներով,
• մզկիթների փոխակերպելով,
• պարզապես ավերածությունների միջոցով` վերացնելով սրբապատկերները, զարդաքանդակներն ու խաչքարերը,
• հայկական հնագույն ձեռագրերը ոչնչացնելով:

Բանալի բառեր՝ մշակութային արժեք, մշակութային հաստատություն, մշակութային վանդալիզմ, վանքեր, եկեղեցիներ, ձեռագրատներ, գրադարաններ, ոչնչացում, պետական քաղաքականություն:

Ստացվել է` 17.04.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Ռոբերտ Թաթոյան
Էջ 31-57

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում և վերլուծության են ենթարկվում Էրզրումի նահանգի` 1878-1914թթ. հայ բնակչության թվաքանակին վերաբերող հիմնական ամբողջական վիճակագրական տվյալները՝ դասակարգված ըստ ծագման՝ օսմանյան, Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի, հայկական այլ, ռուսական և արևմտյան: Կազմվել են օսմանյան, հայկական, ռուսական ու արևմտյան հեղինակների տվյալների ընդհանրական-համեմատական աղյուսակներ:
Փորձ է արվել հաշվարկելու Մեծ եղեռնի նախօրյակին Էրզրումի նահանգի հայ բնակչության մոտավոր թվաքանակը գավառակ առ գավառակ՝ հաշվումները հիմնելով Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի՝ 1913-14թթ. մարդահամարի տվյալների վրա և ճշտելով դրանք Մեծ եղեռնը վերապրածների կողմից հաղորդվող տեղեկությունների, արևմտահայ փախստականների հաշվառման տվյալների և հայկական օժանդակ այլ սկզբնաղբյուրների միջոցով:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, Էրզրումի նահանգ, վիճակագրություն, հայ բնակչության թվաքանակ, ժողովրդագրություն:

Ստացվել է` 27.03.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Անի Ոսկանյան
Էջ 58-66

Ամփոփում
1914թ. օգոստոսին օսմանահպատակ հայ տղամարդիկ զորակոչվեցին բանակ: Զինվորագրությունը կատարվեց երեք փուլով: Սկզբում զորակոչի ենթարկվեցին 20-ից 45 տարեկան տղամարդիկ, այնուհետև՝ 15-ից 20 և վերջում` 45-ից 60 տարեկանները: Նոր զորակոչվածները միացան արդեն իսկ բանակում ծառայող հայ սպաներին ու զինվորներին: Այնուհետև, նախապես մշակված ծրագրի համաձայն, հայ զինվորականները զինաթափվեցին և ընդգրկվեցին բանվորական ու բեռնափոխադրման գումարտակներ, որին էլ հաջորդեց
նրանց զանգվածային ջարդը:

Բանալի բառեր՝ Առաջին համաշխարհային պատերազմ, Հայոց ցեղասպանություն, օսմանյան բանակ, պատերազմական նախարարություն, զորակոչ, հայ զինվորներ և սպաներ, զինաթափման հրաման, բանվորական գումարտակներ:

Ստացվել է` 11.04.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Գևորգ Վարդանյան
Էջ 67-77

Ամփոփում
Դեռևս թուրքական հանրապետական պատմագրության սկզբնավորումից առաջ լույս են տեսել մի շարք գրքեր, որոնցում կեղծվում է պատմությունը, հերքվում հայերի ոչնչացման գործում թուրքերի դերակատարությունը: Դրանցից առաջինը և ամենակարևորը 1916թ. Կ. Պոլսում լույս տեսած «Հայկական կոմիտեների նպատակները և հեղափոխական գործունեությունը» գիրքն է: Դրանով երիտթուրքերը ոչ միայն փորձում էին խուսափել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից, այլև ամեն ինչում մեղադրել հայերին: Ընդհանուր առմամբ այս գրքում են առաջին անգամ գրավոր ձևակերպվել Հայոց ցեղասպանության ժխտման հիմնական թեզերը, որոնք հետագայում կրկնվել և զարգացվել են հանրապետական պատմագրության կողմից:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, ժխտում, Թուրքիա, Օսմանյան կայսրություն, պատմագրություն:

Ստացվել է` 07.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Գոհար Խանումյան
Էջ 78-86

Ամփոփում
Հայոց ցեղասպանության հետևանքով 77 000 հայ որբ հայտնվեց Օսմանյան կայսրության տարբեր որբանոցներում: 1921-1922թթ. Փոքր Ասիայում քեմալականների կողմից քրիստոնյա բնակչության, հատկապես հայ երեխաների ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի հետևանքով Օսմանյան կայսրության որբանոցներից տարհանվեց շուրջ 30000 քրիստոնյա երեխա, որից 8000 հայ որբ շվեյցարացի միսիոներ, Հայոց ցեղասպանության ականատես Յակոբ Քյունցլերի կողմից Թուրքիայի հարավային և արևելյան շրջաններից տեղափոխվեց Սիրիա և Լիբանան:

Բանալի բառեր՝ որբեր, որբանոցներ, Օսմանյան կայսրություն, Յակոբ Քյունցլեր, որբերի տարհանում, Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց:

Ստացվել է` 09.04.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Լուսինե Աբրահամյան
Էջ 87-93

Ամփոփում
Հոդվածում անդրադարձ է կատարվում Առաջին աշխարհամարտի տարիներին Ավստրալիայի ցուցաբերած մարդասիրական օգնությանը Մերձավոր Արևելքի հայ կարիքավորներին: 1915թ. Մերձավոր Արևելքի հազարավոր հայ գաղթականներին ու որբերին օգնելու և նրանց ապրելու հնարավորություն ընձեռելու համար Վիկտորիա նահանգում ստեղծվեց Հայկական նպաստամատույց հիմնադրամը, որն իր մասնաճյուղերն ունեցավ Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգներում: Տուժածների և կարիքավորների համար լայնածավալ մարդասիրական օգնություն ապահովելու նպատակով սկսվեց լայնածավալ քարոզչական գործունեություն, որի շնորհիվ էլ հնարավոր դարձավ հանգանակություններ իրականացնել: Համագործակցելով Մերձավոր Արևելքի Ամերիկյան նպաստամատույց կազմակերպության հետ՝ Ավստրալիայի Հայկական նպաստամատույց հիմնադրամը 1922թ. Բեյրութում հիմնեց Ավստրալասիական որբանոցը, որն իր հարկի տակ առավ շուրջ 1200 հայ որբերի:

Բանալի բառեր՝ ցեղասպանություն, մարդասիրական օգնություն, հանգանակություն, գաղթական, որբ, Օսմանյան կայսրություն, ԱՆԶԱԿ, Ավստրալիա, Մերձավոր Արևելք, Ավստրալասիական որբանոց:

Ստացվել է` 02.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Հայկ Մարտիրոսյան
Էջ 94-103

Ամփոփում
«Արևելքում քրիստոնեական բարեգործության գերմանական օգնության միությունն» Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին ուներ հինգ հիմնական կայան` Մեզրեում, Մարաշում, Վանում, Մուշում և Հարունիեում, որտեղ ապաստան էր գտել մոտ 2000 երեխա: Կազմակերպության հիմնական կայաններում, ենթակայաններում և շրջակա գյուղերի կրթական հաստատություններում սովորող երեխաների թիվը շուրջ մեկուկես անգամ ավել էր: Կայաններից երեքը` Մեզրեն, Մարաշը և Հարունիեն, վերապրելով Առաջին համաշխարհային պատերազմը, 1919թ. դրվեցին ամերիկյան միսիոներական ղեկավարության ներքո: Վանի կայանի անձնակազմը և երեխաները փոխադրվեցին Թիֆլիս: Ցավոք սրտի, հնարավոր չեղավ փրկել Մուշի կայանի երեխաներին: Փրկվեցին միայն մի քանի ուսուցչուհիներ` հետագայում երկու եվրոպացի միսիոների ուղեկցությամբ տեղափոխվելով Մեզրեի կայան:

Բանալի բառեր՝ Գերմանացի միսիոներներ, առաքելություն, միսիոներական կայան, հիմնական կայան, օգնության միություն, որբանոց, միսիոներական կայանների փակում:

Ստացվել է` 30.04.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

ՍՈՑԻՈԼՈԳԻԱ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրեն Մանուկյան
Էջ 104-110

Ամփոփում
Ցանկացած ցեղասպանության իրականացման համար անհրաժեշտ են հասարակ մարդկանց մեծ զանգվածներ, ովքեր, ներգրավվելով սպանությունների գործընթացի մեջ, ի կատար են ածում քաղաքական էլիտայի կողմից մշակված և տեղական վերնախավի ներկայացուցիչների կողմից համակարգվող ծրագիրը:
Այս մարդասպանների հավաքագրման գործընթացը տեղի է ունենում հին, կարծրատիպային պատկերացումների վերհանման, ընդգծման, ինչպես նաև նոր գաղափարների մշակման միջոցով թշնամու կերպարի ստեղծման ու զոհերի անմարդկայնացման /dehumanization/ միջոցով, ինչպես նաև ռացիոնալացման՝ դաժանության հիմնավորման, օգտագործումով: Հայոց ցեղասպանության ընթացքում ռացիոնալացման համար օգտագործվում էին հետևյալ հնարքները. շարքային բնակչին փոխանցվում էր մեծ ու կարևոր գործողության մաս կազմելու, «պատմական իրադարձությանը» ներգրավված լինելու զգացումը, շահարկվում էր «Հայրենիքի փրկության» գաղափարը, ինչպես նաև ընձեռվում էր զոհերի բարիքներին տիրանալու՝ հայերի ունեցվածքը թալանելու հնարավորություն:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանություն, զանգվածային մասնակցություն, անմարդկայնացում, դաժանության ռացիոնալացում:

Ստացվել է` 06.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Հասմիկ Գրիգորյան
Էջ 111-121

Ամփոփում
Նորագույն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ զանգվածային սպանություններ ու ցեղասպանություն իրականացնող «մարդկային ռեսուրսը» համալրում են նույնիսկ այնպիսի մարգինալացված խմբեր, ինչպիսիք են՝ կանայք ու երեխաները, ովքեր իրենց դաժանությամբ չեն զիջում մեծահասակներին: Հոդվածում խմբավորված և ներկայացված են Օսմանյան կայսրությունում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրագործված զանգվածային կոտորածներին ու ցեղասպանությանը մուսուլման երեխաների մասնակցության գործառութային առանձնահատկությունները:
Երեխաները հաճախ հանդես են գալիս որպես անմիջական մասնակիցներ, դեռահասներ, ովքեր հալածում էին իրենց հասակակից հայ երեխաներին (միջխմբային բախում հայ և մուսուլման երեխաների միջև), մեծահասակներին նմանակող երեխաներ, երեխաներ, ովքեր պղծում էին դիակները:

Բանալի բառեր՝ ցեղասպանություն, զանգվածային կոտորած, երեխաներ:

Ստացվել է` 03.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

ԻՐԱՎՈՒՆՔ

Էդիտա Գզոյան
Էջ 122-127

Ամփոփում
Ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական գործընթաց՝ բաղկացած 8 փուլից: Ժխտումը ցեղասպանության 8-րդ փուլն է, որը «մշտապես հաջորդում է յուրաքանչյուր ցեղասպանության»: Գիտնականների մի ստվար զանգված կարծում է, որ հայտնի ցեղասպանությունների ծրագրված ժխտումը վտանգավոր գործողություն է և պետք է հավասարեցվի իրական ցեղասպանության անմիջական կամ ոչ անմիջական աջակցության հետ:
Ազգային և միջազգային դատարանների որոշումները ևս հստակորեն մատնանշում են, որ ցեղասպանության ժխտումը կամ ցեղասպանության որևէ իրողության մինիմալացումը կամ աղավաղումը ռասայական խտրականության ձևեր են և պետք է պատժվեն օրենքով: Միջազգային իրավունքի մի շարք գործիքներ ևս ակնհայտորեն կամ ոչ ակնհայտորեն պատժելի են համարում ցեղասպանության ժխտումը:
Հայոց ցեղասպանության ժխտումը` որպես հայերի դեմ ռասայական խտրականության ձև, ևս պատժելի է միջազգային իրավունքում:

Բանալի բառեր՝ Հայոց ցեղասպանության ժխտում, խտրականություն, հայատյացություն, ժխտողականություն, միջազգային իրավունք:

Ստացվել է` 22.04.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

ԹԱՆԳԱՐԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Խաչատուր Կոբելյան
Էջ 128-134

Ամփոփում
Հոդվածում հեղինակը ներկայացնում է թանգարանային առարկայի հատկանիշները և ցեղասպանության հիշողությունը վերականգնելու համար Հայոց ցեղասպանության ու Հրեից Հոլոքոստի թանգարանների մշտական ցուցադրություններում դրանց օգտագործման ձևերը: Ընդգծելով թանգարանային առարկայի կարևորությունը թանգարանային հաղորդակցության և ցեղասպանության հիշողության վերականգնման գործընթացում` հեղինակը ցույց է տալիս որոշ առարկաների` ոսկորներ, մոխիր և մազեր, ցուցադրման ժամանակավրեպությունը և հուշային իրերի ընդգրկման արդիականությունը: Վերջինները, զուգորդվելով փաստաթղթերի, լուսանկարների հետ, կարող են գրավել այցելուին և տեղեկատվություն տալ ցեղասպանության մասին: Եվ վերջապես թանգարանային ցուցադրությունը վերականգնում է հավաքական հիշողությունը, այլ ոչ թե անհատականը, որն ունեին վերապրողները:

Բանալի բառեր՝ թանգարանային առարկա, թանգարանային հաղորդակցություն, Հայոց ցեղասպանություն, Հոլոքոստ, ցեղասպանության հիշողություն:

Ստացվել է` 10.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոնա Հակոբյան
Էջ 135-144

Ամփոփում
Այսօր քաղաքական խոսույթի ուսումնասիրությունը լեզվաբանական և քաղաքագիտական հետազոտությունների առանցքային մասն է կազմում: Քաղաքական խոսույթի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ բացահայտվում է քաղաքական ուղերձի կամ դիրքորոշման եղելությունը: Ավելին` լեզվաբանական ուսումնասիրություններում այսօր կիրառվում է «իրադարձությունների իմաստաբանության» նոր տեսությունը, որն ուղիներ է բացում այս ուսումնասիրությունների համապարփակ ներկայացման համար: Հոդվածում «իրադարձությունների իմաստաբանություն» հիմքով վերլուծվում են ԱՄՆ քաղաքական խոսույթում Հայոց ցեղասպանության և թեմային առնչվող իրադարձությունները: Իրադարձությունների լեզվական մեկնաբանությունն իրականանում է տրամաբանական, իմաստաբանական և շարահյուսական մեխանիզմների համատեղմամբ` բացահայտելով խոսույթում ներկայացված իրադարձության խորքային իմաստը և պատճառահետևանքային կապերը:

Բանալի բառեր՝ իրադարձությունների իմաստաբանություն, իրադարձություն, իրավիճակ, պրեդիկատ, փոփոխական, արգումենտ, խոսույթ, իրավիճակային քերականություն, քաղաքական խոսույթ , Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ:

Ստացվել է` 07.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐ

Մելինե Անումյան
Էջ 145-152

Ամփոփում
Ծպտյալ և այլադավան հայերի թեման վերջին տարիներին եղել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Իսլամացած և ծպտյալ հայերը թուրքական ԶԼՄ-ներում ներկայացվում են որպես սպառնալիք` ուղղված Թուրքիայի ամբողջականությանը: Ըստ որոշ մամլո օրգանների` այն հայերը, ովքեր իսլամացվելով հանդերձ, շարունակում են պահպանել իրենց հայկական ինքնագիտակցությունը, կարող են վրեժ լուծել Թուրքիայից: Բայց և այնպես, թուրքական որոշ պարբերականներ դրական վերաբերմունք են արտահայտում նման հայերի հանդեպ` ներկայացնելով նրանց պատմությունների ողջ ողբերգականությունը:

Բանալի բառեր՝ ծպտյալ հայեր, իսլամացած հայեր, բռնի իսլամացում, թուրքական մամուլ, թուրքական ԶԼՄ-ներ, Հայոց ցեղասպանություն:

Ստացվել է` 30.04.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Ինեսա Ստեփանյան
Էջ 153-157

Ամփոփում
Հոդվածում ներկայացվում է ֆրանսիական «Շոկոլատըղի դ’Էգեբել» ընկերության՝ 1896թ. թողարկած 12 միավորից բաղկացած գովազդային ներդիր-բացիկների շարքը` նվիրված 1895-1896թթ. hայերի՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածներին: Շարքն անվանվել է «Հայերի կոտորածները»: Հոդվածում ներկայացված բացիկներում պատկերված են Տրապիզոնի (1895թ.), Մալաթիայի (1895թ.), Արաբկիրի (1895թ.), Կյուրինի (1895թ.), Կ.Պոլսի Ղալաթա թաղամասի (1896թ.) հայերի ջարդերը, ինչպես նաև ֆրանցիսկյան հոգևորական հայր Սալվատորեի սպանությունը (1895թ.): Այս քայլը կարևոր էր հատկապես Եվրոպայի ուշադրությունը հայերի կոտորածների վրա հրավիրելու տեսանկյունից:

Բանալի բառեր՝ կոտորածներ, ջարդեր, հայեր, բացիկներ, «Շոկոլատըղի դ’Էգեբել» (“Chocolaterie d’Aiguebelle”), Օսմանյան կայսրություն:

Ստացվել է` 17.05.2014
Հրատարակվել է՝ 20.06.2014

Theme: Overlay by Kaira